Գյումրեցի Պապոյանները եռյակ են ունեցել՝ Դանիելը, Մաքսը և Ալենը. ֆոտոշարք
Դանիել, Մաքս, Ալեն. գյումրեցի Պապոյանների ընտանիքում հունիսի 4-ին 3 տղա երեխա է ծնվել: 3-րդ հղիության լուրն իմանալուց հետո 31 ամյա կինն ու ընտանիքը սպասում էին տղա երեխայի, բայց պատկերացնել անգամ չէին կարող, որ եռյակ են ունենալու։ «Հղիության երկրորդ ամսում իմացանք, որ եռյակ է, Ջավախքից վերադարձանք Գյումրի այստեղ բժիշկների վերահսկողության տակ լինելու համար, բարդություններ կային, բայց, բարեբախտաբար, հաղթահարեցինք։ Մեկ աղջիկ ունեմ և մեկ տղա, սակայն հիմա լրիվ այլ զգացողություններ են»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Զինա Ավետիսյանը։
Ծննդկանը հայտնեց, որ նորածինների անունները որոշել են աղջիկն ու տղան. որդիներն իրար նման են, բայց մայրն արդեն յուրաքանչյուրին յուրովի է սիրում եւ տարբերում միմյանցից:
«Մաքսը ավելի տարբերվող է, սակայն յուրաքանչյուրն իր տեղն ունի։ Չգիտեմ հետո ինչ կլինի, բայց հիմա ուզում եմ, որ զավակներս մեծանան խաղաղ ու անհոգ»,-ասում է փոքրիկների մայրիկը։
ՀՕՄ-ի Ախուրյանի մոր եւ մանկան առողջության կենտրոնի փոխտնօրեն Վահրամ Միրզոյանն էլ ArmDaily.am-ին հայտնեց, որ երեխաները 48 սմ հասակով են՝ 1900,1600, 1800 գրամ քաշով. սա համապատասխանում է հղիության ժամկետին, նորածիններին կյուվեզային ռեժիմում պահելու կարիք գրեթե չի զգացվել: «32-րդ շաբաթականից կարիք ենք զգացել ստացիոնար բուժում ապահովվելու, փորձեցինք բնական ճանապարհով ծննդաբերություն ապահովել, սակայն պտուղների դիրքով պայմանավորված չստացվեց։ Ամեն դեպքում մայրն ու զավակները ֆիզիկապես լավ են, մնում է, որ հոգեբանական աջակցություն ունենա ընտանիքը, 3 երեխային բարդ կլինի մեծացնել»,-նշեց Ախուրյանի մոր եւ մանկան առողջության կենտրոնի փոխտնօրենը։
Իսկ եռյակ լույս աշխարհ բերած Զինան ավագ որդու ու նորածինների հետ սպասում է ամուսնու և դստեր վերադարձին Ջավախքից, նրանք այսուհետև կապրեն Գյումրիում:
Զինան ասում է՝ 5 երեխա մեծացնելը բարդ է լինելու, սակայն ամեն ինչ անելու են զավակների համար: «Անսովոր է, քանի որ եռյակ են, բայց հպարտ ենք, որ հայրենիքին եւս 3 ապագա զինվոր ենք տվել»,- նշում է նա:
Մայրն ու որդիները, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվեն վաղը: