Լիբանանը միջնորդության կոչ է արել ԱՄՆ-ին Բեյրութի կողմից վիճարկվող ջրերում նավի հայտնվելուց հետո
Լիբանանը միջնորդության կոչ է արել ԱՄՆ-ին Բեյրութի կողմից վիճարկվող ջրերում գազի արդյունահանման նպատակով իսրայելական նավի հայտնվելուց հետո: Լիբանանի կարծիքով՝ այդ քայլն ագրեսիայի հավասարազոր կլինի, փոխանցում է AFP-ն։
Նավը, որը շահագործվում է Լոնդոնում գործող Energean Plc ընկերության կողմից, կիրակի ժամանել էր Քարիշ գազի հանքավայր, որի մի մասին հավակնում է Լիբանանը:
Այս քայլն անմիջապես դատապարտվեց Լիբանանի նախագահի եւ վարչապետի կողմից, որոնք երկուշաբթի բանակցություններ ունեցան՝ հետագա քայլերը քննարկելու համար: Նրանք պայմանավորվեցին «հրավիրել ԱՄՆ դեսպան Ամոս Հոխշտեյնին Բեյրութ՝ Լիբանանի հարավային ծովային սահմանի սահմանազատման բանակցությունների վերսկսման հարցը քննարկելու համար», որոնք, ըստ վարչապետ Նաջիբ Միքաթիի, փակուղի են մտել անցյալ մայիսին:
«Իսրայելի կողմից վիճելի տարածքներում իրականացվող ցանկացած հետախուզում, հորատում կամ արդյունահանում սադրանք եւ ագրեսիայի ակտ է»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելը եւ Լիբանանը ծովային սահմանի շուրջ բանակցությունները վերսկսել էին 2020 թ., սակայն գործընթացը դադարեցվել էր այն բանից հետո, երբ Բեյրութն ասել էր, որ ՄԱԿ-ի կողմից բանակցություններում օգտագործվող քարտեզը փոփոխության կարիք ունի:
Լիբանանցի պաշտոնյաներն իրենք տարակարծիք են սահմանազատման հարցի շուրջ, եւ պետության պաշտոնական դիրքորոշումն անհետեւողական է թվում:
Սահմանազատման գիծը, որը հայտնի է որպես գիծ 29, Լիբանանին ավելի շատ տարածքներ կտա դեպի հարավ, այդ թվում՝ Քարիշ գազի հանքավայրի հատվածները:
Կիրակի լիբանանցի պաշտոնյաները հայտարարել էին, որ վիճելի ջրերում Իսրայելի ցանկացած գործողություն «թշնամական ակտ» եւ «հարձակում» է Լիբանանի բնական պաշարների վրա:
Սակայն Իսրայելի համար Քարիշը գտնվում է «ՄԱԿ-ի կողմից ճանաչված Իսրայելի բացառիկ տնտեսական գոտու» սահմաններում է, այլ ոչ թե վիճելի տարածքում, անանունության պայմանով AFP-ին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:
Energean ընկերությունը, որը շահագործելու է Քարիշը, նշել է, որ հանքավայրից գազի առաջին հոսքերը պետք է ստացվեն 2022 թ. երրորդ եռամսյակում: