Թուրքիան օգտվեց պատերազմից Ուկրաինայում՝ զենքի գնման արեւմտյան համակարգին վերառադնալ փորձելու համար
Թուրքիան, կարծես, օգտվեց պատերազմից Ուկրաինայում՝ սպառազինությունների գնման արեւմտյան համակարգին վերադառնալ փորձելու համար:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է եւ այդպես էլ կմնա։ Մեր երկու գործընկերների՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը նոր ըմբռնման հանգեցրեց՝ ի նպաստ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ գնումների կապերի ամրապնդման»,- Defence News-ին ասել է Թուրքիայի նախագահի անանուն մնալ ցանկացած օգնականը: Պատերազմը կրկին Թուրքիային ՆԱՏՕ-ում առանցքային միջնորդի դիրքում դրեց: Անկարան կարգավորել է հարաբերություններն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, որոնք, ինչպես հույս ունեն պաշտոնյաները, դիվիդենտներ կբերեն ապագա բանակցություններում: Թուրքիայի հավանությունն անհրաժեշտ է նաեւ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համապատասխան հայտերն առաջ մղելու համար:
Բայց կա մի պատմություն, որը պետք է հաղթահարել:
2020 թ. Թուրքիան 2.5 միլիարդ դոլար վճարեց ռուսական «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգի համար։ Սակայն վախենալով հետագա մեկուսացումից եւ իր դաշնակիցների կողմից պատժամիջոցներից՝ Թուրքիան որոշեց չգործարկել համակարգը: Գնմանն ի պատասխան՝ ԱՄՆ-ն դադարեցրեց Թուրքիայի անդամակցությունը բազմազգ կոնսորցիումին, որը հինգերորդ սերնդի F-35 կործանիչ է կառուցում։ Թուրքիայի կողմից 1.5 միլիարդ դոլարի կանխավճարը անտեսանելի ինքնաթիռների առաջին խմբաքանակի համար, որն Անկարան այդպես էլ չստացավ, դեռ պետք է փոխհատուցվի:
Այս տարվա մարտին ՆԱՏՕ-ի եւ անվտանգության հարցերով զբաղվող թուրք բարձրաստիճան դիվանագետը Defence News-ին ասել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմը գործնականում ջնջեց ռազմավարական զենքի համակարգերի հետ կապված թուրք-ռուսական բոլոր հնարավոր գործարքները: Քանի որ Ռուսաստանը որպես ռազմական մատակարար չի դիտվում՝ թուրք առաջնորդները վերադառնում են արեւմտյան շուկայի ուսումնասիրմանը:
Այս գարնան սկզբին գնումների գծով թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Eurofighter Typhoon-ը տարբերակներից մեկն է, որը մոտ 80 ինքնաթիռի գնում է ենթադրում, ինչն առավելություն կտա թուրքական արդյունաբերությանը, քանի որ այն հայրենական TF-X կործանիչ է կառուցում:
Թուրքիան նաեւ ցանկանում է 40 միավոր F-16 Block 70 ինքնաթիռ եւ արդիականացման կոմպլեկտներ գնել իր 80 ավելի հին F-16-ների համար։ Թուրքական հայտը Կոնգրես էր ուղարկվել ապրիլին։ Ավելի վաղ՝ մայիսին, Բայդենի վարչակազմը Ներկայացուցիչների պալատին խնդրել էր հավանություն տալ F-16 կործանիչների թուրքական պարկի արդիականացմանը։ Պոտենցիալ գործարքը կարող է բարձր տեխնոլոգիական հրթիռներ, ռադիոլոկացիոն համակարգեր եւ ինքնաթիռների համար ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգեր ներառել: Բացի այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին հույս էր հայտնել, որ Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ եռակողմ բանակցությունները Eurosam-ի SAMP/T եվրոպական հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգի համատեղ արտադրության շուրջ կվերսկսվեն Ֆրանսիայում ընտրություններից հետո:
Նույնքան լավատեսությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն մարտի վերջին ասաց, որ Իտալիան եւ Ֆրանսիան այժմ «ավելի լուրջ» են մտածում Թուրքիայում SAMP/T համակարգերի համատեղ արտադրության մասին։
Միեւնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան քայլեր է ձեռնարկել՝ արեւմտյան գնումների համակարգ Թուրքիայի վերադարձն հեշտացնելու համար։ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչին փետրվարին հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան հանել է Թուրքիային զենք վաճառելու արգելքը 2019 թ. Սիրիայի հյուսիսում Թուրքիայի միակողմանի հարձակումից հետո։ Առեւտրային սահմանափակումների մեղմացումը հանրությունից գաղտնի էր պահվում, եւ որոշ դիտորդներ ասում են, որ Կանադան կարող է հետեւել այդ օրինակին:
Սակայն արեւմտյան սահմանափակումների մեծ մասն ուժի մեջ է մնում: Օրինակ՝ Չեխիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսպանիան եւ Շվեդիան 2019 թ. ի վեր Թուրքիային սպառազինությունների մատակարարման ամբողջական էմբարգո են սահմանել՝ Սիրիայում նրա ռազմական միջամտության համար։ Ֆրանսիան սահմանափակումներ է մտցրել մի շարք պաշտպանական եւ ավիացիոն ենթահամակարգերի վրա, իսկ Իտալիան արգելել է որոշակի պրոդուկտների վաճառքը։ Գերմանիան կասեցրել է Altay թուրքական առաջին հիմնական մարտական տանկի համար շարժիչներ վաճառելու պլանները:
«Թուրքիայի մանրամասն բալանսավորումը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների եւ Ռուսաստանի միջեւ ընդհանուր առմամբ ճանաչվեց Արեւմուտքում, երբեմն՝ մեծ գովասանքով: Այն, թե ինչպես է Թուրքիան մանեւրում Արեւմուտքի եւ Ռուսաստանի հակասական շահերի միջեւ մոտ ապագայում, կձեւավորի Արեւմուտքի ախորժակը Թուրքիայի՝ իրենց գնումների համակարգին վերադարձի հարցում»,- ասել է Անկարայից ռազմական վերլուծաբան Օզգուր Էքսին:
Որոշ արեւմտյան դիվանագետներ կարծում են, որ Էրդողանը կարող է փորձել օգտագործել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի վետոյի իրավունքն Արեւմուտքի հետ գնումների ոլորտումիր հարաբերությունների վերագործարկման համար: Նա հայտարարել էր, որ իր երկիրը «հավանություն չի տալիս» Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինքին միանալուն՝ մատնանշելով, որ Թուրքիան կարող է օգտագործել իր անդամակցությունը՝ երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն ուղղված քայլերի վրա վետո դնելու համար:
«Թուրքերը, կարծես, կոշտ բանակցային գործընթացի են պատրաստվում, որը կարող է սպառազինությունների որոշակի համակարգի փոխանցում ներառել»,- ասել է ամերիկացի դիվանագետն Անկարայում:
Էքսին ասել է, որ ուկրաինական պատերազմի պատճառով Թուրքիան դժվար թե քննարկի Ռուսաստանի հետ զենքի մատակարարման հիմնական գործարքը, որն ավելի վաղ բանակցությունների սեղանին էր:
Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան հետաքրքրված է ռուսական արտադրության կործանիչների գնմամբ: