COVID-19-ի ո՞ր ծանր ձևն է կապված օդի աղտոտվածության հետ
Օդի աղտոտվածության երկարատեւ ազդեցությունը կապված է COVID-19-ի ծանր ձեւի առաջացման հավանականության մեծացման հետ, այս մասին վկայել է նոր հետազոտությունը, որը ներկայացվել է Euroanaesthesia-ում (Միլանում անեսթեզիոլոգների եւ ինտենսվ թերապիայի եվրոպական հանրույթի ամենամյա հանդիպում), գրել է Medical Xpress-ը։
Գերմանական հետազոտությունը ցույց է տվել, որ այն շրջաններում ապրող մարդիկ, որտեղ ազոտի երկօքսիդով (NO2) օդի աղտոտվածությունն ավելի բարձր է, ավելի հաճախ են ինտենսիվ թերապիայի եւ թոքերի մեխանիկական շնչառության կարիք ունենում, եթե վարակվել են COVID-19-ով։
NO2-ի (գազ, որը մթնոլորտ է արտանետվում հանածո վառելիքի այրումից) երկարատեւ ազդեցությունը կարող է վնասակար ազդեցություն ունենալ թոքերի վրա (էնդոթելիալ բջիջների ախտահարում), որոնք կարեւոր դեր են խաղում թթվածնի մատակարարման հարցում՝ արյան մեջ արտաշնչված օդից թթվածնի տեղափոխման ժամանակ։
Բժիշկ Սյուզաննա Կոխը՝ Բեռլինի Շարիտե համալսարանի անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից, եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են օդի երկարատեւ աղտոտվածության ազդեցությունն ինտենսիվ թերապիայի եւ COVID-19-ով պացիենտների թոքերի մեխանիկական շնչառության բաժանմունքում բուժման անհրաժեշտության վրա։
2010-2019թթ. օդի աղտոտվածության մասին տվյալներն օգտագործվել են Գերմանիայի ամեն մի շրջանի համար NO2-ի երկարաժամկետ միջին տարեկան մակարդակի հաշվարկման համար։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ինտենսիվ թերապիայի եւ թոքերի մեխանիկական շնչառության բաժանմունքում բուժվելու անհրաժեշտությունը COVID-19-ով պացիենտների համար ավելի բարձր է եղել այն շրջաններում, որտեղ ավելի բարձր է եղել NO2-ի երկարաժամկետ միջին տարեկան մակարդակը։
ACE-2-ը սպիտակուց է, որի հետ են կապում COVID-19 վիրուսը։ Այն, մեր բջիջներում հայտնվելով, բազմաթիվ կարեւոր դերեր է խաղում օրգանիզմում, այդ թվում՝ օգնում է կարգավորել անգիոտենզին II-ի գործունեությունը (սպիտակուց, որն ուժեղացնում է բորբոքումը)։ Այլ կերպ ասած՝ ACE-2-ն օգնում է «արգելակել» բորբոքումը։
Բայց երբ SARS-CoV-2-ն կապվում է ACE-2-ի հետ, այդ արգելակները հանվում են։ Օդի աղտոտվածությունը «բաց է թողնում արգելակները», ուստի COVID-19-ի եւ օդի աղտոտվածության երկարատեւ ազդեցության համակցումը կարող է հանգեցնել ավելի ուժեղ բորբոքման եւ COVID-19-ի ավելի ծանր ընթացքի։