Ապօրինի թմրաշրջանառության դեպք Քանաքեռ Զեյթունում. փաթեթները ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով, որ տեղադրի թաքստոցներով
Մայիսի 31-ի լուսադեմին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Ռուբինյան փողոցից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Ստեփանավանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու. կասկածանքը` թմրամիջոց պահելն ու օգտագործելը:
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ: Հայտնաբերվածի տեսքը ոստիկաններին որոշակի ենթադրությունների տեղիք տվեց:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածը թմրամիջոցով փաթեթները ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով՝ որոշակի վճարի դիմաց դրանք նախապես պայմանավորված տարբեր թաքստոցներում տեղադրելու նպատակով:
Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը հաստատեց ոստիկանների ենթադրությունը, նաև հավելեց, որ այդ օրն արդեն հասցրել էր հինգ փաթեթ տեղադրել Ռուբինյանց փողոցի տարբեր հատվածներում:
Նշանակվել են փորձաքննություններ, տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են: