Պենտագոնը նշել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հրթիռների արձակման նպատակը
Վաշինգտոնը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականների կողմից ութ հրթիռների արձակման նպատակը ճգնաժամային իրավիճակների համատեղ արձագանքմանը պատրաստ լինելու ցուցադրումն էր։ Այսպիսի հայտարարությամբ կիրակի հանդես է եկել ԱՄՆ ԶՈւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։
«ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել՝ հրթիռների արձակմամբ, որպեսզի ցուցադրվեն ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքման հնարավորությունները»,- նշվել է փաստաթղթում։ «Զորավարժությունների ընթացքում օգտագործվել է ԱՄՆ-ի բանակի մեկ եւ Հարավային Կորեայի Հանրապետության յոթ հրթիռ։ Հրթիռների արձակումն իրականացվել է Հարավային Կորեայի հյուսիսարեւելյան մասից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ համապատասխան ծանուցումներ են արվել՝ ծովում եւ օդային տարածքում անվտանգության նպատակներով»,- նշել են հրամանատարության ներկայացուցիչները։
Հայտարարությունում ընդգծվել է, որ Վաշինգտոնը եւ Սեուլը «նախկինի պես հավատարիմ են մնում խաղաղության պահպանմանը Կորեական թերակղզում եւ ողջ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», իսկ «ԱՄՆ-ի հավատարմությունը Կորեայի Հանրապետության պաշտպանությանը մնում է անխախտ»։
Ավելի վաղ Yonhap գործակալությունը, հղում կատարելով Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան իրականացրել են թեստային հրթիռային արձակումներ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի փորձարկումների։ Հարավկորեացի զինվորականների տեղեկատվությամբ՝ կիրակի Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել էր փոքր հեռահարության ութ բալիստիկ հրթիռ։