Թուրքական իշխանությունները կանխատեսում են 49 տոկոս գնաճ
Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին կանխատեսել է 48-49 տոկոս գնաճ 2022թ. վերջին, 2023թ. վերջի համար նա կանխատեսել է դրա նվազում՝ մինչեւ 19,9 տոկոս։ Նրա խոսքով՝ տոկոսադրույքի փոփոխություն կարճաժամկետ հեռանկարում չի դիտարկվում։
Տարեկան գնաճը Թուրքիայում մայիսի արդյունքներով արագացել է՝ ապրիլին 69,97-ից հասնելով 73,5 տոկոսի, ավելի վաղ տեղեկացրել էր երկրի Վիճակագրության ինստիտուտը։ Թուրքիայի կենտրոնական բանկը մայիսին բարձրացրել էր գնաճի կանխատեսման թիվը՝ 2022թ. վերջի 46,44 տոկոսից մինչեւ 57,92 տոկոսի։ Տոկոսադրույքն այս տարի բանկը անփոփոխ է պահում՝ 14 տոկոս։
«2022թ. վերջին, ըստ կանխատեսումների, գնաճը կկազմի 48-49 տոկոս, 19,9 տոկոս՝ 2023թ. վերջին»,- Նեբաթիի խոսքերը մեջբերել է Milliyet թերթը։
Նախարարը նաեւ հայտարարել է, որ «կարճաժամկետ հեռանկարում չի դիտարկվում ոչ (Թուրքիայի ԿԲ-ի) տոկոսադրույքի բարձրացում, ոչ էլ դրա իջեցում»։
Անցած տարի տոկոսադրույքի մի քանի իջեցումներից հետո լիրայի փոխարժեքը կտրուկ նվազեց, ինչը բացասաբար անդրադարձավ երկրի ֆինանսական համակարգի վրա։ Տարեկան գնաճը ազգային արժույթի տատանումների ֆոնին այն ժամանակ արագացավ՝ հասնելով 36 տոկոսի։