Մի ոստիկան ասաց՝ շուտ հեռացեք, հիմա ճզմելու ենք ձեզ. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.
«ՄԵՆՔ
Մենք էլի եկանք, մենք էլի շատ էինք, գուցեև՝ ավելի շատ։ Բայց կարևորը մեր աչքերի վճռականությունն է, համոզումը, պայքարի արդարությունը։
Այդ համոզումը պետություն ունենալու պաշտամունքից է սնվում, թև առնում մեր տրորված ու գետնատարած արժանապատվությունը վերականգնելու անխուսափելիությունից։
Այլապես ապրել չի լինի․ քամված, փսորած, անգո, անել ճանապարհներում, ինքնասպան ատելության ճիրաններում հերիք քամեզ մեզ։ Մենք ուզում են ուղղել մեր բեկված ոշնաշարը, գտնել մեր իսկական կերպը, ուզում ենք արժանի լինել մեր նահատակներին։ Պարզապես ուզում ենք հանգիստ խղճով նայել մեր երեխեքի աչքերին։ Մենք չենք կարող կորցնել այն, ինչը մեր էությունն է, մեր ինքնությունը, մեր գոյության իմաստը։
Իսկ դու չկաս։ Ոստիկանին սարքել ես դահիճ, իսկ դու չկաս։ Քո փոխարեն վահանն ու մահակն են, փչացած նռնակը, սողացող անգրագետ, անհայրենիք ու անսուրբ մի մանկուրտ, որն արձակում է նռնակը՝ գիտենալով, որ առջևում կանգնած ժողովրդի մեջ իր քույրը, հարևանը կամ սիրած աղջիկը կարող են լինել։
Դու չես սիրում քո ժողովրդին, դու ոչինչ չես սիրում, դու սիրել չգիտես, դու շիդար ես, ու քո կույր ատելությունը հանձնարարել ես կուրացած ու տգետ մի հաճկատարի, որը կարող է ձեռնաշղթայված ՀՀ քաղաքացուն ոստիկանական բաժանմունքում գետնին գցել ու ոհմակով հարձակվել։
Բայց միևնույն է՝ քո վահանների կապարե սառնությունից մեր սերը չի սառչում, քո մահակների վայնասունից մեր արդար ձայնը չի խլանում, քո փչացած նռնակների վնգստոցից մեր կամքը չի նվաղում, քո սապոգների բիրտ հարվածներից մեր երթը չի ընկրկում, քո բռունցքներից մեր համոզումը չի նահանջում։ Մերը լույսն է, ԼՈՒՅՍ-ը․․․
Իսկ դու չկաս, քո փոխարեն հավաքական գորշ մի բան է, խառը մի զանգված՝ ոստիկան պայմանական անունով։
Մերը երկիրն է, մերը պատիվն է, մերը հավերժականն է։
Հ․Գ․ Երեկ, երբ Դեմիրճյան փողոցում ոստիկանական հարձակումից մեկ վայրկյան առաջ հայտնվել է վահանների բազմաշար պատի ու ժողովրդի արանքում, հայացքս որսած սաղավարտի տակից միայն աչքերը բացահայտող մի ոստիկան ու սրտացավ ձայնով ասաց, - Շուտ, շուտ հեռացեք Տկն․ Գալստյան, հիմա ճզմելու ենք ձեզ․․․
Ու գուժեցին մահակների միահամուռ հարվածները վահաններին․․․ Թմբկահարվող այս գուժկան շաչյունն ամեն անգամ ինձ հիշեցնում է Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան, որ կոմպոզիտորը գրել էր ֆաշիստների կողմից պաշարված Լենինգրադում․․․
Այսօր մենք էլի այնտեղ էինք, մեր երթն էլի լուսվոր էր, մարդիկ սիրուն էին, չհոգնող, համոզված։
Հ․Գ․ Այսօր, ՁՊՎ-ում գտնվող մեր բոլոր ձերբակալվածները մեկ բան էին ասում՝ նահանջել չկա․․․»։