Ղազախստանում անցկացվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե
Ղազախստանում հունիսի 5-ին տեղի է ունենում Սահմանադրության պոտենցիալ փոփոխությունների հանրաքվե։ Քվեարկությունն սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 07.00-ին։ Տեղամասերը, որոնց թիվը գերազանցում է 10 հազարը, բաց կլինեն մինչեւ ժամը 20.00-ն, տեղեկացրել է Радио Азаттык-ը։
Առաջարկվող փոփոխությունները ենթադրում են փոխել 98 հոդվածից բաղկացած Հիմնական օրենքի մեկ երրորդը։ Քվեարկությունը տեղի է ունենում գաղտնի, քվեաթերթիկում ընդամենը մեկ հարց է. «Ընդունո՞ւմ եք արդյոք Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները եւ լրացումները՝ ներկայացված Ղազախստանի Հանրապետության «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծում, որը հրապարակվել է 2022թ. մայիսի 6-ին զանգվածային լրատվամիջոցներում»։ Ընտրողներին առաջարկվում է նշել պատասխանի «այո» կամ «ոչ» տարբերակներից մեկը։
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրողների ցուցակներում ներառված է ավելի քան 11,7 միլիոն ղազախստանցի։ Հանրաքվեի համար պատրաստվել է ավելի քան 11,8 միլիոն քվեաթերթիկ։
Հանրաքվեն կհամարվի կայացած, եթե քվեարկությանը մասնակցի ընտրացուցակներում ներառված քաղաքացիների կեսից ավելին։ Հարցը լուծված կհամարվի, եթե «այո» կամ «ոչ» պատասխանի համար կքվեարկի հանրաքվեին մասնակցած քաղաքացիների կեսից ավելին։ Ընդ որում, եթե այդպես քվեարկի հանրապետական նշանակութան մարզերի, քաղաքների երկու երրորդի եւ մայրաքաղաքի՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին։
Հանրաքվեի ընթացքին, ինչպես տեղեկացրել է Կենտրոնական հանձնաժողովը, հետեւելու են 272 օտարերկրյա դիտորդներ, որոնք ներկայացնում են 25 երկիր եւ 11 միջազգային կազմակերպություն՝ շատ ավելի քիչ, քան նախորդ ընտրարշավների ժամանակ։ Անկախ դիտորդները դա կապում են հանրաքվեի անցկացման սուղ ժամկետների հետ։