Ինչո՞ւ կանայք քաղցկեղը հաղթահարելու ավելի շատ շանսեր ունեն, քան տղամարդիկ
Վերջին 15-20 տարիներին բժիշկներն սկսել են ավելի մեծ թվով չարորակ գոյացություններ ախտորոշել (դրանք հաճախակիացել են մոտ 30 տոկոսով)։ Դա կապված է այն բանի հետ, որ բարելավվել է ախտորոշման որակը, մարդիկ սկսել են ավելի պատասխանատու վերաբերվել իրենց առողջությանը, Доктор Питер-ին ասել է Կլինիկական դեղաբանության եւ ֆարմացիայի ազգային գործակալության բժշկական կլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ, ուռուցքաբան, վիրաբույժ, մամոլոգ Իվան Բոկինը։
Քաղցկեղի բոլոր տեսակների մեջ կարելի է առանձնացնել «առաջատարներին»՝ թոքերի, ստամոքսի, մաշկի, հաստ աղիի, ինչպես նաեւ կաթնագեղձի եւ արգանդի քաղցկեղները կանանց, շագանակագեղձինը՝ տղամարդկանց մոտ, նշել է ուռուցքաբանը։ Բայց եթե նայենք հիվանդացության գենդերային վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ էական տարբերություններ, այնուամենայնիվ, կան։
Մասնագետը նշել է, որ կանանց մոտ վերարտադրողական համակարգի առկայությունը ենթադրում է որոշակի հորմոնալ ֆոնի ձեւավորում, որի հետ էլ կապված են զարգացող պաթոլոգիաները։ Օրինակ, կանանց կաթնագեղձի քաղցկեղը վիճակագրականորեն նշանակալի հնգյակի մեջ է, տղամարդկանց մոտ այն հանդիպում է ընդհանուր օնկոլոգիական պաթոլոգիայի 3-5 տոկոսի դեպքում, բայց հիվանդությունը շատ ավելի ագրեսիվ է ընթանում։
«Բնությունն այնպես է արել, որ կնոջ օրգանիզմն ավելի լավ է պաշտպանված շրջակա միջավայրի տարբեր ազդեցություններից, եւ նրա դիմադրողականությունը հիվանդությունների հանդեպ շատ ավելի ուժեղ է արտահայտված։ Դա վերաբերում է բոլոր պաթոլոգիաներին, եւ քաղցկեղը բացառություն չէ։ Ինչո՞ւ է այդպես։ Պատասխանը բարդ չէ. կինը պետք է երեխա ծնի, հետեւաբար՝ օրգանիզմը պետք է ուժ ունենա, որպեսզի կրի այդ երեխային, նրան լույս աշխարհ բերելու եւ հետո էլ՝ կերակրելու հնարավորություն տա»,- նշել է բժիշկը։
Նա բացատրել է, որ կանանց մոտ ավելի շատ են արտահայտված այսպես կոչված անատոմիական ռեզերվները՝ ենթամաշկային ճարպային բջջանյութը, սպիտակուցը։ Կանանց օրգանիզմում վերականգնողական բաղադրիչներն ավելի շատ են, քան տղամարդկանց օրգանիզմում։ Այս ամենը հետագայում ազդում է հնարավոր ռեպարատիվ ֆունկցիաների, քիմիաթերապիան ավելի լավ տանելու, վերականգնողական շրջանի վրա։