Մահացել է Դմիտրի Կովտունը․ նա կասկածվում էր Ալեքսանդր Լիտվինենկոյին թունավորելու մեջ
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են 57-ամյա գործարար Դմիտրի Կովտունի մահվան մասին, ում բրիտանական իշխանությունները կասկածում էին 2006 թվականին Լոնդոնում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյին թունավորելու մեջ։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կովտունի մահը հաստատել է նրա ընկերը՝ այդ գործով գլխավոր կասկածյալ Անդրեյ Լուգովոյը։ Նա նույնպես Ռուսաստանի հատուկ ծառայության նախկին աշխատակից էր, այժմ Պետդումայի պատգամավոր։
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Կովտունը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։
Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է Լոնդոնում 2006 թվականին՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հետ կոնֆլիկտի պատճառով Ռուսաստանից Մեծ Բրիտանիա փախչելուց վեց տարի անց:
Լիտվինենկոն պնդում էր, որ ԱԴԾ-ի աշխատակիցները մասնակից են եղել 1999 թվականի սեպտեմբերին Մոսկվայում և Վոլգոդոնսկում բնակարանների մի շարք պայթյունների (երեք պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1700-ը):
Բրիտանական իշխանությունների հետաքննությունը ցույց է տվել, որ Լիտվինենկոն թունավորվել է հազվադեպ ռադիոակտիվ նյութով՝ «Պոլոնիում-210»։ Միջադեպից օրեր առաջ նա հանդիպել էր հատուկ ծառայության իր նախկին գործընկերներին՝ Լուգովոյին ու Կովտունին, ովքեր անմիջապես դարձել են գլխավոր կասկածյալները։
2016 թվականին հրապարակվեցին թունավորման գործով հանրային հետաքննության վերջնական արդյունքները։ Դատավոր Ռոբերտ Օուենը եկավ այն եզրակացության, որ Լուգովոյն ու Կովտունը կարող էին գործել ԱԴԾ ղեկավարության հրահանգով՝ ԱԴԾ տնօրեն Նիկոլայ Պատրուշևի և, ամենայն հավանականությամբ, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ։