Հայկական առաջին լոուքոսթեր Fly One Armenia-ն ձեռք բերեց երրորդ օդանավը
Հայկական Fly One Armenia լոուքոսթեր ավիաընկերության օդանավային պարկը համալրվում է, ընկերությունում դիտարկում են ինքնաթիռների թիվը էլ ավելի մեծացնելու հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Fly One Armenia-ի ձեռք բերած օդանավն Airbus A319 դասի է, 144 տեղանոց:
«Սա, միանշանակ, կնպաստի թե՛ չվերթների քանակի ավելացմանը, թե՛ աշխարհագրության ընդլայնմանը: Այս պահին ավիաընկերությունն իր տրամադրության տակ ունի Airbus A320 դասի 180 տեղանոց 2 ինքնաթիռ, որոնց կմիանա Airbus A319 դասի մեկ ինքնաթիռ»,-ասել է Անանյանը:
Ավիաընկերության խորհրդի նախագահը կարևորեց նոր օդանավի ձեռքբերումը հատկապես ամառային թռիչքային շրջանում, երբ նկատվում է ավիափոխադրումների պահանջարկի աճ: «Այս առումով հնարավորություն կունենանք հասանելի ծառայություններ ապահովել մեր ուղևորների համար»,-եզրափակել է նա:
«FlyOne Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: