Կցանկանայի մեկնել Ուկրաինա, բայց պետք է սպասեմ հարմար պահի․ Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը հայտարարել է, որ կցանկանար այցելել Ուկրաինա, սակայն դրա համար սպասում է հարմար պահի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես կցանկանայի մեկնել Ուկրաինա, բայց պետք է սպասեմ հարմար պահի»,- նրա խոսքերն է մեջբերում ANSA գործակալությունը։
Պոնտիֆիկոսը հավելել է, որ շուտով պետք է հանդիպի երկրի իշխանությունների հետ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր կլինի այդ ուղևորությունը։
Ավելի վաղ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն արդեն հայտնել էր Ուկրաինա այցելելու իր մտադրության մասին՝ միաժամանակ կասկածներ հայտնելով այցի նպատակահարմարության վերաբերյալ։
Մայիսի սկզբին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Ֆրանցիսկոսն ասել էր, որ «դեռ Կիև չի գնա»։ Նա նշել էր, որ մինչ Ուկրաինա գնալը կցանկանար մեկնել Ռուսաստան և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ճգնաժամի կարգավորման հարցը։