Տաջիկստանը Ղրղզստանին մեղադրել է սահմանին միջադեպ հրահրելու համար
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով Ղրղզստանի հետ սահմանին հունիսի 3-ին տեղի ունեցած զինված միջադեպը Բիշքեկի կողմից սադրանք է որակել:
Ինչպես նշել են Դուշանբեում, Վորուխ գյուղի մոտ «Կեխ» սահմանային անցակետի պատասխանատվության գոտում սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը եղել է Ղրղզստանի զինծառայողների ապօրինի ներթափանցումը Տաջիկստանի տարածք և այն լքելու պահանջների անտեսումը:
«Ղրղըզ զինծառայողները գրավել են կրակային դիրքերը և առաջինը կրակ են բացել «Կեխ» սահմանային ուղեկալի ուղղությամբ։ Իրավիճակը սրվել է, երբ ղրղզական կողմը լրացուցիչ ուժեր և տեխնիկա է մոտեցրել»,- նշված է հայտարարության մեջ:
Հունիսի 3-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում տուժել են երկու ղրղըզ սահմանապահներ: Բիշքեկն ու Դուշանբեն պայմանավորվել են լրացուցիչ ուժերը և զինտեխնիկան հետ քաշել մշտական տեղակայման վայրեր: