Լեհաստանի նախկին նախագահն առաջարկել է կազմալուծել ԵՄ-ն և նոր միություն ստեղծել՝ առանց Լեհաստանի ու Հունգարիայի
Եվրամիությունը պետք է կազմաքանդվի և նոր միություն ձևավորվի Ֆրանսիայի և Գերմանիայի հենքի վրա՝ առանց Լեհաստանի և Հունգարիայի։ Interia-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան։
« Լեհաստանի հետ կոմպրոմիսի գնալու փոխարեն ԵՄ-ն պետք է կազմալուծվի և որոշ ժամանակ անց ստեղծվի նոր միություն՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հենքի վրա, բայց առանց Լեհաստանի և Հունգարիայի»,- հայտարարել է նա։
Նա նաև նշել է, որ եթե նույնիսկ իրենք ուզենան նոր միությանն անդամակցել, ապա իրավունքներից բացի, պետք է նաև պարտականություններ ստանձնեն։
Վալենսան համարում է, որ Եվրահանձնաժողովի կողմից Լեհաստանի վերականգնման ազգային պլանի հաստատումը սխալ կլիներ։
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Լեհաստանի տնտեսության վերականգնման պլանը։ Տնտեսությունը մեծապես տուժել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով։ Վնասը հաշվարկվել է 35 մլրդ եվրո։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքերով, պլանի իրականացումը հնարավորություն կտա Լեհաստանի տնտեսության վերականգնման գործում ներդրում կատարել, ինչպես նաև մեծացնել այս երկրի էներգետիկ անկախությունը։