Մոլդովայում սոցիալիստների կուսակցությունը պահանջում է վարչապետի հրաժարականը
Մոլդովայի սոցիալիստների կուսակցության հանրապետական խորհուրդը համարում է, որ երկրի կառավարությունը՝ վարչապետ Նատալյա Գավրիլիցայի գլխավորությամբ, երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու անկարողություն է ցուցադրել։ Այս մասին ասվում է կուսակցության այսօր տարածած հաղորդագրության մեջ։
«Երկրի կառավարությունը՝ վարչապետ Նատալյա Գավրիլիցայի գլխավորությամբ, երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու լիակատար անկարողություն է ցուցադրում։ Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը հանձնարարում է խորհրդարանական ուժերին այս անօգուտ և վտանգավոր կառավարության հրաժարականի գործընթաց սկսել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կուսակցության անդամները պնդում են, որ չկա մի ոլորտ, որտեղ թեկուզ փոքր առաջընթաց գրանցված լինի։ Կուսակցությունը հիշեցրել է, որ իրենք մեկ տարի առաջ են զգուշացրել, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն չի կարողանա երկիրը կերակրել և դրա փոխարեն հասարակությանը կառաջարկի միայն էժանագին շոուներ և պրոպագանդա։
Սոցիալիստների կուսակցությունը ուշադրություն է հրավիրել երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սոցիալիստների կարծիքով գործող ռեժիմը Դոդոնի նկատմամբ հաշվեհարդար է տեսել։
Դոդոնին 72 ժամյա կալանքի էին վերցրել մայիսի 24-ին։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Հակակոռուպցիոն դատախազության ղեկավարի պաշտոնակատար Ելենա Կազակովան նշել է, որ իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են Մոլդովայի նախկին նախագահը և ևս երկու մարդ։