Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը 4 տարվա մեջ առաջին զորավարժություններն են անցկացրել՝ ամերիկյան ավիակրի մասնակցությամբ
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը վերջին 4 տարվա մեջ առաջին համատեղ զորավարժություններն են անցկացրել՝ ամերիկյան ավիակրի մասնակցությամբ, շաբաթ օրը հայտնել է հարավկորեական ԶՈՒ-ն՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկման նախապատրաստման մասին լուրերի ֆոնին, տեղեկացնում է Reuters-ը:
Եռօրյա զորավարժություններն անցկացվել են միջազգային ջրերում՝ ճապոնական Օկինավա կղզու մոտ մինչեւ շաբաթ օրը, դրանք ներառել են հակաօդային պաշտպանությունը, հականավային, հականավակային եւ ծովային գործողությունները, հայտնել է Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն (ՇՊՄԿ):
Զորավարժությունները անցկացվել են այն նշանների ֆոնին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային փորձարկում անցկացնել 2017 թվականից ի վեր առաջին անգամ: Սեուլի պաշտոնյաները հայտնել են, որ Փհենյանը պայթեցնող սարքով բազմաթիվ փորձեր է անցկացրել՝ նախապատրաստվելով ստորգետնյա յոթերորդ պայթյունին:
Զորավարժություններին միացել են 100 000 տոննա կշռող միջուկային USS Ronald Reagan ավիակիրը, ինչպես նաեւ USS Antietam կառավարվող հրթիռներով հածանավը, «Իջիս» համակարգով հագեցած USS Benfold կործանիչը եւ նավատորմների համալրման USNS Big Horn նավթատար նավը:
Հարավային Կորեան ուղարկել է նաեւ 14 500 տոննա կշռող երկկենցաղ գրոհային Marado նավը, 7600 տոննա կշռող Sejong the Great եւ 4400 տոննա կշռող Munmu the Great կործանիչ նավերը եւ այլն։
USS Abraham Lincoln ավիակիրը մարտին ղեկավարել է ԱՄՆ-ի զորավարժությունները Դեղին ծովում այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան իրականացրել է ՄՄԲՀ-ի իր առաջին ամբողջական փորձարկումը 2017 թվականից ի վեր: Ապրիլին Կորեական թերակղզում գործել է նաեւ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» հարվածային խումբը: