Մեթյու Լոպեսի ֆիլմում Ումա Թուրմանը կմարմնավորի ԱՄՆ նախագահին
Մեթյու Լոպեսի «Կարմիր, սպիտակ եւ թագավորական կապույտ» ֆիլմի գլխավոր դերում հանդես կգա Ումա Թուրմանը, որտեղ նա կմարմնավորի ԱՄՆ նախագահ Էլեն Քլերմոնտին։ Պատմվածքը հիմնված է Քեյսի ՄաքՔուիսթոնի համանուն վեպի վրա։ Ֆիլմում կմասնակցեն նաեւ Թեյլոր Զահար Պերեսը, Նիկոլաս Գոլիցինը, Սթիվեն Ֆրայը, Ռեյչել Հիլսոնը եւ այլք։
Ռոմանտիկ կատակերգությունը պատմում է մի դեռահասի մասին, որը հանկարծ դառնում է ժողովրդի իսկական կուռքը։ Բանն այն է, որ նրա մայրն ընտրվել է ԱՄՆ նախագահ, իսկ նրա կերպարն իդեալական է «Սպիտակ տան ընտանիքի» ներկայացուցչի համար՝ նա խարիզմատիկ, գեղեցիկ ու ինքնավստահ տղա է։ Խնդիրը մեկն է՝ նա չի կարողանում լեզու գտնել իր թագավորական «գործընկերոջ»՝ արքայազն Հենրիի հետ, ինչն իսկական «մեդիա պատերազմի» է հանգեցրել լրատվամիջոցներում։ Ուստի ընտանիքները, իրենց համբավը փրկելու համար, փորձում են անել հնարավորը նրանց հրապարակային «հաշտեցնելու» համար։
«Ես չափազանց ուրախ եմ, որ Ումա Թուրմանը կմիանա մեզ եւ կխաղա նախագահ Քլերմոնտին: Նրա խելացիությունը, ջերմությունն ու հումորը կատարյալ են Քեյսի ՄակՔուիսթոնի կուլտային կերպարի համար: Չեմ համբերում, թե երբ կսկսեմ նկարահանումները»,- Deadline-ին ասել է ռեժիսոր Մեթյու Լոպեսը։ Ի դեպ, սա նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է։