Սթոլթենբերգն ասել է, որ Ֆինլանդիայի հետ քննարկել է Թուրքիայի «խնդիրների լուծումը». Twitter-ի օգտատերերը վրդովվել են
Հիանալի էր Վաշինգտոնում հանդիպել մեր մերձավոր գործընկեր, Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի հետ, Twitter-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Մենք քննարկեցինք Թուրքիայի մտահոգությունները լուծելու եւ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հարցում առաջ շարժվելու անհրաժեշտությունը»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Սթոլթենբերգը նաեւ ասել է, որ «կառուցողական հեռախոսազրույց» է ունեցել Էրդողանի հետ, եւ Թուրքիան անվանել է «արժեքավոր դաշնակից»՝ բարձր գնահատելով «Ռուսաստանի ներխուժման հետեւանքով առաջացած սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում Ուկրաինայից հացահատիկի անվտանգ փոխադրումը ապահովելու գործարքի հասնելու» Թուրքիայի ջանքերը։ Սթոլթենբերգը Twitter-ում գրել է, որ ինքն ու Էրդողանը կշարունակեն իրենց երկխոսությունը՝ առանց հստակեցնելու մանրամասները։
Սակայն թվիթի մեկնաբանները, ըստ երեւույթին, այնքան էլ լավատեսորեն տրամադրված չեն եղել։
«Դուք պատրաստվո՞ւմ եք որեւէ բան անել կամ ասել Կիպրոսի վերջին գրեթե 50 տարվա օկուպացիայի մասին, թե՞ Էրդողանը կնեղանա»,- գրել է սոցցանցի օգտատերերից մեկը՝ george անունով։
«Աջակցո՞ւմ է արդյոք ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարձակումներին Սիրիայում: Հունաստանի ու Կիպրոսի անվտանգության հարցե՞րը...»,- գրել է, մասնավորապես, Jussi Tuusa անունով մեկ այլ օգտատեր։