Անկարայում Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Հունաստանի դեսպան Խրիստոդուլոս Լազարիսին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ «ահաբեկչական կազմակերպություններին, հատկապես PKK-ին, FETÖ-ին եւ DHKP-C-ին Հունաստանի աջակցության համար, ինչպես նաեւ Աթենքում Թուրքիայի դեսպանատան մոտ PKK-ի ցույցի կապակցությամբ», հայտնում է Anadolu-ն։
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Լազարիսը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրան տեղեկացվել է այս հարցում Թուրքիայի տեսակետն ու արձագանքը։
Լազարիսին տեղեկացրել են, որ «վերոհիշյալ ահաբեկչական կազմակերպությունները հեշտությամբ քարոզչական, ֆինանսական եւ հավաքագրման գործողություններ են իրականացնում Հունաստանում, եւ որ Հունաստանի ինքնությունը՝ որպես ահաբեկիչների հետ կապված շրջանակների ապաստարան, աճում է»։
«Բացի այդ, Լազարիսին օրինակ է բերվել Լավրիոն ճամբարը, որտեղ Թուրքիայի անվտանգությանը սպառնացող ահաբեկիչները օգտագործում են նյութատեխնիկական եւ ուսումնական բոլոր հնարավորությունները։
Հունաստանի դեսպանին տեղեկացվել է ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես PKK-ի կողմից Թուրքիայի դեմ քաղաքական գործողություններ կազմակերպելու անթույլատրելիության մասին։
Դեսպան Լազարիսին մտահոգություններ են արտահայտվել Հունաստանում թուրքական ներկայացուցչությունների եւ քաղաքացիների անվտանգության վերաբերյալ, եւ հաստատվել է ահաբեկչության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության ակնկալիքը։
Ընդգծվել է, որ Հունաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, որոնք բխում են ահաբեկչության դեմ պայքարում բարիդրացիական հարաբերություններից եւ միջազգային իրավունքից»,- գրում է թուրքական լրատվամիջոցը։