Թուրքիայի քաղաքացիություն ունեցող կարդիովիրաբույժը Փենսիլվանիայից սենատորի միակ հանրապետական թեկնածուն է
Հեջ-ֆոնդի նախկին ղեկավար Դեւիդ Մակքորմիքը Փենսիլվանիայից ԱՄՆ Սենատի հանրապետական ընտրություններում պարտվել է հայտնի կարդիովիրաբույժ Մեհմեդ Օզին՝ ավարտելով իր քարոզարշավը, քանի որ նա խոստովանել է, որ նահանգի շարունակական վերահաշվարկն իրեն բավարար ձայներ չի տա պակասը լրացնելու համար, հաղորդում է AP-ն։
Լարված քարոզարշավից հետո Մակքորմիքը ուրբաթ օրն ընդունել է իր պարտությունը՝ խոստանալով օգնել Օզի շուրջը միավորել կուսակցությունը:
Մակքորմիքի զիջումը նշանակում է ընդհանուր ընտրարշավ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող Օզի եւ դեմոկրատ Ջոն Ֆեթերմանի միջեւ, որն, ինչպես ակնկալվում է, Սենատի գլխավոր մրցապայքարներից մեկը կդառնա:
Այս ընտրությունների արդյունքը կարող է օգնել որոշելու Սենատի հանդեպ վերահսկողությունը, եւ դեմոկրատները դա համարում են հանրապետական հեռացող սենատոր Փեթ Թումիին փոխարինելու իրենց լավագույն հնարավորությունը:
Սկզբնական ընտրություններից ավելի քան երկու շաբաթ առաջ հանրապետականները սկսել են դիտարկել այն հնարավորությունը, որ դաժան փրայմերիզը ավելի կձգձգվի՝ ձայների վերահաշվարկի եւ փոստով ուղարկված քվեաթերթիկների հետ կապված դատական հայցերի պատճառով:
Մինչ վերահաշվարկը Օզը մայիսի 17-ի նախնական ընտրություններում հաշվարկված 1,34 միլիոն ձայնից 972 ձայնով առաջ էր Մակքորմիկից:
Ֆեթերմանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը հազիվ է փրկվել մահից, երբ փրայմերիզից մի քանի օր առաջ ինսուլտ է ստացել:
Հիշեցնենք, որ Սենատի ընտրություններում թուրք կարդիովիրաբույժի նախկին հակառակորդ Դեւիդ Մակքորմիքն ասել էր, թե Օզի թուրքական քաղաքացիությունը կարող է խնդիր դառնալ նախընտրական մրցավազքում՝ ենթադրելով, որ Օզը վտանգ կներկայացնի ազգային անվտանգության համար։ Ընտրվելու դեպքում Օզը կդառնա երկրի առաջին մահմեդական սենատորը։
Մեհմեդ Օզը ծնվել է ԱՄՆ-ում, ծառայել է թուրքական բանակում եւ քվեարկել է 2018 թվականի ընտրություններում։ Նա ասել է, որ կհրաժարվի Թուրքիայի քաղաքացիությունից, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, եւ Մակքորմիքին մեղադրել է «մոլեռանդ» հարձակումների մեջ։