Թուրքիայում տարեկան ինֆլյացիան հասել է ամենաբարձր ցուցանիշին 1998 թվականից
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի, էներգակիրների գների բարձրացման եւ թուրքական լիրայի անկման ֆոնին Թուրքիայում մայիսին տարեկան ինֆլյացիայի մակարդակը հասել է 24 տարվա առավելագույնին։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը ուրբաթ օրը հայտնել է, որ անցյալ ամիս երկրում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 73,5 տոկոսով, ինչը ամենաբարձր աճն է 1998 թվականի հոկտեմբերից, գրում է Deutsche Welle-ն։
Ինֆլյացիայի արագացում է նկատվում արդեն 12-րդ ամիսն անընդմեջ։ Դա հիմնականում պայմանավորված է տրանսպորտի ոլորտում (տարեկան աճը 107,6 տոկոս), ինչպես նաեւ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների (աճը 91,6 տոկոս) գների աճով։ Ամսական կտրվածքով Թուրքիայում սպառողական գներն աճել են 2,98 տոկոսով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել տոկոսադրույքների նվազեցման օգտին՝ տնտեսական աճը եւ արտահանումը խթանելու համար՝ պնդելով, որ փոխառությունների բարձր ծախսերը ինֆլյացիա են առաջացնում: Այսպիս դիրքորոշումը հակասում է կայացած տնտեսական մտածողությանը։ Թուրքական լիրան անցյալ տարի կորցրել է իր արժեքի 44 տոկոսը ԱՄՆ դոլարի նկատմամբ։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է գազի, նավթի եւ հացահատիկի գների աճի, սրել է իրավիճակը Թուրքիայում, նշում է AP գործակալությունը։