Շվեդիան ավելի շատ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային, այդ թվում՝ հականավային հրթիռներ
Շվեդիան Ուկրաինային լրացուցիչ տնտեսական օգնություն եւ ռազմական տեխնիկա կտրամադրի, այդ թվում՝ հականավային հրթիռներ, հրացաններ եւ հակատանկային զենքեր, հայտարարել են ֆինանսների նախարար Միքայել Դամբերգը եւ պաշտպանության նախարար Պիտեր Հուլտկվիստը, փոխանցում է Reuters-ը։
«Առաջարկները, որոնք ներկայացվել են (խորհրդարան), նշանակում են, որ 2022 թ. կենտրոնական կառավարության բյուջեին հատկացվող միջոցները կավելանան 1.0 մլրդ կրոնով (102 մլն դոլար)»,- ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
«Որպես Ուկրաինայի հետ սոլիդարության նշան եւ Ռուսաստանի գործողություններին միջազգային պատասխանի շրջանակներում՝ կառավարությունն Ուկրաինային աջակցելու մշտական անհրաժեշտություն է տեսնում»,- ասվում է հայտարարության մեջ։
Շվեդիան փետրվարին հայտարարել էր, որ ռազմական տեխնիկա կուղարկի Ուկրաինա, այդ թվում՝ 5000 հակատանկային զենք, սաղավարտ եւ զրահաբաճկոն, իսկ մարտին հայտարարել էր, որ եւս 5000 հակատանկային միջոց կուղարկի: