ԱՄՆ-ի և Թայվանի առեւտրային բանակցությունները կարող են առաջ անցնել Հնդկա-խաղաղօվկիանոսյան ջանքերից
Թայվանի հետ ԱՄՆ-ի նոր առեւտրային բանակցությունները կարող են ավելի արագ ընթանալ, քան ավելի լայն բանակցությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան 12 երկրների հետ՝ հաշվի առնելով Թայբեյի եւ Վաշինգտոնի մեծ հետաքրքրությունը տնտեսական կապերի խորացման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի տեղակալ Սառա Բյանկին։
«Կարծում եմ, որ մենք ձգտում ենք սկսել աշխատանքը Թայվանի հետ եւ ընդլայնել մեր բանակցային մանդատը այնտեղ»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Բյանկին։
Հարցին, թե արդյոք Թայվանի նախաձեռնությունը կարող է ավելի վաղ արդյունք տալ, քան Հնդկա-խաղաղօվկիանոսյան տնտեսական ծրագրի (IPEF) շուրջ բանակցությունները, նա պատասխանել է. «Հնարավոր է, այո, կարող է»:
IPEF-ը, որը ձգտում է վերականգնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ներգրավվածության տնտեսական հիմքը, կներառի Ճապոնիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ինդոնեզիան, Վիետնամը, Ավստրալիան եւ տարածաշրջանի այլ երկրներ, բացի Չինաստանից:
Բյանկին նշել է, որ IPEF-ում աշխատանքը, ներառյալ նախարարների հանդիպումները, կսկսվեն առաջիկա ամիսներին, որպեսզի որոշվեն բանակցությունների թեմաները եւ մինչեւ ամառվա վերջը համաձայնագրի տեքստեր առաջարկվեն:
IPEF-ի բանակցությունները թույլ կտան անդամ երկրներին ընտրել հիմնական «սյուները», ներառյալ թվային առեւտրի կանոնները, մատակարարումների շղթաների կայունությունը եւ առեւտրի դյուրացումը, ենթակառուցվածքների զարգացումը, աշխատանքային իրավունքները եւ բնապահպանական չափանիշները:
Ո՛չ IPEF-ը, ո՛չ էլ Թայվանի բանակցությունները չեն ներառի մաքսատուրքերի կրճատում եւ շուկայի հասանելիության ավելացում, որոնք առաջարկվում են ավանդական ազատ առեւտրի համաձայնագրերով:
Բյանկին ասել է, որ IPEF-ը կոչված է դառնալ «21-րդ դարի համաձայնագիր, որն իսկապես լուծի 21-րդ դարի խնդիրները», ներառյալ թվային առեւտրի խոչընդոտները, ինչպիսիք են տվյալների տեղայնացման պահանջները կամ ծանրաբեռնված կանոնները, որոնք դժվարացնում են ընկերությունների գործունեությունը որոշ երկրներում: Այս խնդիրների լուծումը նաեւ կբարելավի շուկայի հասանելիությունը, ասել է նա: