Ռուսական գազի մատակարարումների դադարեցումը կվատթարացնի Եվրոպայի տնտեսական հեռանկարները․ Goldman Sachs
Goldman Sachs-ի վերլուծաբանները հայտարարել են, որ Ռուսաստանը կարող է կտրուկ կրճատել բնական գազի մատակարարումները Եվրոպա՝ ի պատասխան ԵՄ նավթի ներմուծման արգելքի, ինչը կխորացնի մայրցամաքի տնտեսական անկումը:
ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական նավթի ներմուծումն արգելելու ծրագիրը, եւ պաշտոնյաները ակնկալում են մինչեւ տարեվերջ մատակարարման 90 տոկոսով կրճատում:
«Գազպրոմը» հայտարարել է, որ դադարեցրել է բնական գազի մատակարարումները հոլանդական GasTerra ընկերությանը եւ Գերմանիայի հետ պայմանագրերով կդադարեցնի մատակարարումները երկու այլ ընկերությունների՝ ռուբլով վճարելուց նրանց հրաժարվելու պատճառով:
Goldman-ի վերլուծաբանները՝ Ալեն Դյուրեի եւ Ֆիլիպո Թադեիի գլխավորությամբ, հայտարարել են, որ բնական գազի մատակարարումների հետագա կրճատման հնարավորությունները մեծացել են, քանի որ Ռուսաստանը փորձում է վրեժ լուծել նավթի էմբարգոյի համար: «Ավելացել է ռիսկը, որ Ռուսաստանը կարող է արձագանքել նավթի արգելքին՝ դադարեցնելով բնական գազի մատակարարումները, ինչը կարող է հանգեցնել Եվրոպայի տնտեսական հեռանկարի էական վատթարացման»,- գրում են վերլուծաբանները:
Մատակարարման կրճատումները կարող են ավելի խարխլել եվրոպական տնտեսությունը, որը, ինչպես ակնկալում են շատ վերլուծաբաններ, հաջորդ տարի կտրուկ կդանդաղի բարձր ինֆլյացիայի եւ Ուկրաինայում պատերազմի հետեւանքների պատճառով:
«Տնտեսական աճի ռիսկերը, մասնավորապես, եվրոյի գոտում, տեղաշարժված են դեպի անկում... Այս առումով Ռուսաստանից էներգակիրների ներմուծման հանկարծակի դադարեցումը, զուգորդված վստահության հավանական անկման հետ, հավանաբար Գերմանիային եւ Իտալիային կտանի ռեցեսիայի եւ կնվազեցնի եվրոգոտու տնտեսական աճը ավելի քան երկու տոկոսային կետով»:
Ըստ Եվրոստատի տվյալների՝ 2020 թվականին ԵՄ-ն բնական գազ է օգտագործել իր էներգետիկ բալանսի 24 տոկոսի համար։ Այդ տարում ԵՄ բնական գազի ներմուծման 43 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։