Բայդենը հունիսին կայցելի Էր Ռիադ, որպեսզի փորձի նվազեցնել բենզինի գները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը թեկնածու եղած ժամանակ երդվել էր Սաուդյան Արաբիային «մեկուսացնել»՝ ի պատասխան նշանավոր այլախոհի սպանության, որոշել է հունիսին այցելել Էր Ռիադ՝ վերականգնելու հարաբերությունները նավթով հարուստ թագավորության հետ, որպեսզի փորձի նվազեցնել բենզինի գները եւ մեկուսացնել Ռուսաստանին, հայտնում է New York Times-ը։
Բայդենը նախատեսում է այցը ներառել Եվրոպա եւ Իսրայել նախապես ծրագրված ուղեւորության մեջ, ասել են վարչակազմի պաշտոնյաները: Էր Ռիադ իր այցի ընթացքում նախագահը կհանդիպի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ, որը պատասխանատու է համարվում Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգջիի սպանության համար։
Բայդենը կհանդիպի նաեւ արաբական այլ երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների հետ։
Արտաքին քաղաքականության փորձագետների կարծիքով՝ այցը ռեալպոլիտիկի հաղթանակ է բարոյական վրդովմունքի նկատմամբ։ Ուկրաինական պատերազմից հետո Բայդենը անհրաժեշտ է համարում ներգրավել էներգառեսուրսների մյուս արտադրողներին՝ ռուսական նավթը փոխարինելու եւ համաշխարհային շուկաները կայունացնելու համար:
Սաուդյան Արաբիայի գլխավորած ՕՊԵԿ+-ը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հուլիսին եւ օգոստոսին մի քիչ կավելացնի արդյունահանումը։ ԱՄՆ պաշտոնյաներն ակնկալում են, որ խումբն աշնանը ավելին կանի, բայց դա կարող է բավարար չլինել նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ ամերիկյան բենզալցակայաններում գներն իջեցնելու համար: