Եվրոպայի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 2 մասնակից
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Հունիսի 3-ին մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը:
Դավիթ Հովհաննիսյանը 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է: Մեծահասակների Եվրոպայի առաջնության առաջին փորձը եղել է Բաթումի-2019-ը, որտեղ երկամարտի 360 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ 89 կգ քաշային կարգում: Նույն տարում աշխարհի առաջնությունն անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար եւ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը: Աշխարհի առաջնության անհաջող փորձից հետո Հովհաննիսյանը բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
2021 թվականի ապրիլին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունը եւս անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար. Հայաստանի ներկայացուցիչը ձախողեց հրում վարժության երեք մոտեցումները եւ զրո ստացավ:
2021 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Դավիթ Հովհաննիսյանը փոխեց քաշային կարգը եւ Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում մասնակցեց 96 կգ քաշային կարգում: Այստեղ Դավիթ Հովհաննիսյանը B խմբում երկամարտի 370 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը (165+205):
Տղամարդկանց 96 կգ քաշային կարգում կմասնակցի նաեւ մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Արա Աղանյանը:
96 կգ քաշայինների պայքարը կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին: Հայաստանի երկու ներկայացուցիչների նախնական հայտը երկամարտում 380 կգ է: