Թուրքիա-Հունաստան լարվածությունը շարունակում է
Թուրքիա-Հունաստան հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել այն բանից հետո, երբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Միացյալ Նահանգների Կոնգրեսում ակնարկել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու տարածաշրջանային ռիսկերի մասին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի նիստում հայտարարել է, որ չեղարկել են Հունաստանի հետ բարձր մակադարկի ռազմավարական խորհրդի պայմանագիրը։
«Հունաստանը չի համակերպվելու։ Այս երկրի հետ այլևս երկկողմ հանդիպում չենք անցկացնելու։ Մենք չեղարկեցինք մեր բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի պայմանագիրը»,-նշել էր Թայիփ Էրդողանը։
Ի պատասխան Թուրքիայի նախագահի այս հայտարարությանը՝ Հունաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդրոս Պապաիոանոն հիշեցրել է ՄԱԿ-ին Աթենքի ուղարկած նամակի մասին և շեշտել է, որ Էգեյան ծովի կղզիների մասին Թուրքիայի հայտարարություններն անհիմն են։
Պապաիոանոն նշել է, որ Աթենքի արտաքին քաղաքականությունը հենվում է որոշակի արժեքների, սկզբունքների և միջազգային իրավունքի ու ծովային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Վերջինս ընդգծել է, որ չեն մտնելու անձնական քննարկումների դաշտ։
Լարվածության այս պայմաններում Հունաստանի վարչապետը որոշել է այցելել Էգեյան ծովի Ասթիփալայա, Փսերիմոս և Կոս կղզիներ։ Թուրքական մամուլում Միցոտակիսի այդ որոշումը բնորոշվել է որպես պրովոկացիա։