Աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի վտանգի առաջ․ Չավուշօղլու
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը աշխարհին կանգնեցրել է պարենային ճգնաժամի վտանգի առաջ, որոշ երկրներում այդ գործընթացն արդեն սկսվում է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Եթե նախկինում խոսում էինք Մերձավոր Արևելքի հակամարտությունների մասին, ապա այժմ դա հակամարտություն է Եվրոպայի սրտում, մի կողմից՝ մարդկային ճակատագրերն են, մյուս կողմում՝ էներգակիրների գների աճը։ Աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի վտանգի առաջ։ Որոշ երկրներում այս գործընթացն արդեն սկսվել է, սովի վտանգ կա»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Էսքիշեհիրի Օսմանգազի համալսարանում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել էր, որ ՄԱԿ-ն ունի առաջարկ՝ ստեղծել Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ կոնտակտային խումբ՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկն արտահանելու հարցով։ Նրա խոսքերով՝ Թուրքիան սկզբունքորեն համաձայնել է, և առաջացել է տեխնիկական հանդիպում անցկացնելու գաղափարը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուսաստանը չի միջամտում ուկրաինական հացահատիկի արտահանմանը, Կիևի մեղքով են ծագել լոգիստիկ խնդիրները, նրա զորքերն ականապատել են նրանց ծովային նավահանգիստները։
ԱԳՆ-ն հավելել է, որ «Ռուսաստանի կողմից իբր ուկրաինական հացահատիկի արտահանումը սևծովյան նավահանգիստներում արգելափակելու և դրա արդյունքում հացահատիկի շուկայում դեֆիցիտի մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան սպեկուլյացիա»։ Օդեսայի ծովային նավահանգստի նախկին աշխատակիցը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Ուկրաինան ցորենի պաշարներ է արտահանում Օդեսայի նավահանգստի պահեստարաններից այլընտրանքային ուղիներով՝ Եվրամիության ճնշման ներքո, չնայած հենց երկրում հացահատիկի պակասի սպառնալիքին: