Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ F-16-երի գնման շուրջ դրական բանակցությունների մասին
Թուրքիան դրական բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ՝ F-16 կործանիչներ եւ իր գործող նավատորմի համար արդիական սարքավորումներ ձեռք բերելու խնդրանքով, հայտարարել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Anadolu-ն։
«Ինչպես Թուրքիա ժամանող ԱՄՆ պատվիրակությունների հետ հանդիպումները, այնպես էլ Կոնգրեսի անդամների հետ ԱՄՆ-ում թուրքական պատվիրակության շփումներն անցել են դրական մթնոլորտում, եւ հիմք են ստեղծվել շփումները շարունակելու համար»,- ասել է նա։
Թուրքիան 40 հատ Blok 70 Viper F-16 կործանիչ եւ իր ունեցած F-16-երի համար մինչեւ 80 արդիականացման կոմպլեկտ գնելու հայտ է ներկայացրել։
«Որպեսզի ՆԱՏՕ-ն ուժեղ լինի, նրա անդամները պետք է ուժեղ լինեն»,- ասել է Աքարը։ «Նման ուժի ամենակարեւոր տարրը օդային տարրն է։ Այն նույնպես պետք է ուժեղացվի: Ես կարծում եմ, որ ԱՄՆ վարչակազմը դա անուշադրության չի մատնի»։