ԱՄՆ-ում հայտարարել են, որ Կիեւն իրենց վստահեցրել է, որ հակամարտության սրման չի գնա ՀԿՌՀ-ներ ստանալուց հետո
ԱՄՆ-ն «հիշում է էսկալացման ռիսկի մասին այն ամենում, ինչ մենք անում ենք» ուկրաինական հակամարտության մասով, այդ թվում` Կիեւին չորս HIMARS համակարգեր տրամադրելու վերջին որոշման հետ կապված, սակայն, ի վերջո, «Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումների նկատմամբ վետոյի իրավունք չունի»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի` քաղաքականության գծով տեղակալ Քոլին Քալը։
«Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ մենք մտադիր չենք ուղիղ կոնֆլիկտի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Մենք շահագրգռված չենք, որ ուկրաինական կոնֆլիկտն ավելի լայն կոնֆլիկտի կամ երրորդ համաշխարհային պատերազմի վերաճի, ուստի հիշում ենք դա, բայց, միեւնույն ժամանակ, Ռուսաստանն ուկրաինացիներին մեր ուղարկածի վրա վետո դնելու իրավունք չունի»,- ասել է Քալը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ջո Բայդենին հավաստիացրել է, որ Ուկրաինան կոնֆլիկտի սրման չի գնա, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային HIMARS համակարգեր տրամադրի, հավելել է Քալը։
«Հավաստիացումները տրվել են Ուկրաինայի կառավարության մի քանի մակարդակով։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն այդ հարցերը բարձրացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովի հետ նրանց բազմաթիվ հեռախոսազրույցների ժամանակ։ Նրանք միմյանց հետ խոսում են շաբաթը մեկ կամ երկու անգամ, դա այդպես է եղել հակամարտության սկզբից, բայց այս կոնկրետ հավաստիացումը հնչեցվել է մինչեւ ուկրաինական կառավարության ամենաբարձր մակարդակով, այդ թվում` նախագահ Զելենսկու»,- ասել է Քալը:
Միացյալ Նահանգները որոշել են չորս HIMARS կամ բարձր շարժունակության 70 կիլոմետր հեռահարությամբ հրետանային հրթիռային համակարգեր ուղարկել Ուկրաինային՝ ուկրաինացիների պահանջած ավելի հեռահար զենքի փոխարեն։ «Մենք չենք կարծում, որ նրանց այս մարտի համար համակարգեր են պետք, որոնք աշխատում են հարյուրավոր կիլոմետրերի վրա, եւ ուստի մենք կանգ առանք սրանց վրա»,- հավելել է Քալը: