Սևամորթ աշխատակիցները զանգվածաբար լքում են Սպիտակ տունը
Սպիտակ տան առնվազն 21 սեւամորթ աշխատակից տարեսկզբից հեռացել է աշխատանքից կամ պատրաստվում է շուտով հեռանալ։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրները Բայդենի վարչակազմում:
Զանգվածային կրճատումների պատճառների մասին հարցին ի պատասխան` Սպիտակ տան աղբյուրները Politico-ին ասել են, որ իրենք զարմացած չեն կատարվածից, եւ որ «պատճառները ղեկավարության կողմից աջակցության եւ կարիերայի աճի բացակայության մեջ են»։ Աշխատակիցների կրճատման այլ պատճառներ են նաեւ լարված աշխատանքային միջավայրը, ազատ ժամանակի բացակայությունը եւ սովորելու կամ ընտանիքին ժամանակ հատկացնելու ցանկությունը:
«Մենք շատ ենք աշխատում, սակայն ղեկավար պաշտոններ չենք զբաղեցնում։ Եւ դրանք զբաղեցնելու հեռանկար չունենք»,- Politico-ն մեջբերում է Սպիտակ տան աշխատակիցներից մեկի խոսքերը:
Թերթն ընդգծում է, որ այն, ինչ տեղի է ունենում, մտահոգություն է առաջացնում փորձագետների շրջանում, ովքեր հանրային պաշտոնների բաշխման հարցում ռասայական ներառականություն են քարոզում:
«Ես լսել եմ, որ սեւամորթ աշխատակիցները հեռանում են Սպիտակ տնից։ Դա, այսպես կոչված, Blackseat-ն է, եւ դա ինձ մտահոգում է։ 2020-ի նոյեմբերի ընտրություններում Ջո Բայդենը ստացավ սեւամորթ բնակչության ձայների 22 տոկոսը։ Անհրաժեշտ է, որպեսզի սեւամորթ քաղաքացիները ոչ միայն ավագ, միջին եւ կրտսեր պաշտոններ զբաղեցնեն Սպիտակ տանը, այլեւ մասնակցեն կարեւոր քաղաքական եւ կադրային որոշումներին, ինչպես նաեւ կարիերայի աճի հնարավորություն ունենան»,- Politico-ին ասել է Քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների համատեղ կենտրոնի ղեկավար Սպենսեր Օվերթոնը:
2020 թ. նախընտրական արշավի ժամանակ Բայդենը հայտարարել էր, որ իր վարչակազմը պետք է «պայքարի ռասայական արդարության հասնելու եւ երկրում ռասիզմն արմատախիլ անելու համար»։ Ընտրություններից հետո նա հայտարարեց, որ աֆրոամերիկացիներն ակտիվորեն քվեարկել են իր օգտին։