Եղիսաբեթ II-ի ինթնաթիռը վատ եղանակի պատճառով ստիպված է եղել մի քանի պտույտ անել Լոնդոնի երկնքում
Մասնավոր ինքնաթիռը, որը տեղափոխում էր Եղիսաբեթ II-ին, վատ եղանակի պատճառով չի կարողացել միանգամից վայրէջք կատարել Լոնդոնում։ Ինչպես տեղեկացրել է Daily Mail-ը, ինքնաթիռը 15 րոպե ստիպված էր պտտվել վայրէջք կատարելուց առաջ։
Օդանավը փորձում էր իջնել թագավորական ՌՕՈւ-ի Նորթհոլթ ավիաբազայում, որը Լոնդոնի հյուսիս-արեւմուտքում է։ Օդաչուն չի կարողացել միանգամից նստեցնել 13 տեղանոց ինքնաթիռը, նա ստիպված էր պտտվել օդանավակայանի վրայով, մինչեւ որ ամպրոպն ու կարկուտն ավարտվեն։ Եղանակի պարզվելուց հետո ինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել։
Բուկինգհեմյան պալատը հաստատել է, որ Նորին Մեծության թռիչքի ժամանակը երկարել է ամպրոպի պատճառով, բայց հիմա միապետուհու կյանքին վտանգ չի սպառնում։
Թագուհին վերադառնում էր շոտլանդական Բալմորալ ամրոցից, ուր մեկնել էր հինգ օրով՝ Պլատինե հոբելյանի նախօրեին։ Նա վերադարձել է մայրաքաղաք, քանի որ հունիսի 2-5-ը տեղի են ունենալու գահակալության 70-ամյակին նվիրված գլխավոր տոնակատարությունները։
Օդանավակայանից Եղիսաբեթ II-ը մեկնել է Վինձոր։ Նրան տարել է անձնական վարորդը։ Թագուհին նստած էր առջեւում, նրա կորգի ցեղատեսակի շունը նույնպես մեքենայում էր։