Ընդդիմությունը տենց էլ չկողմնորոշվեց՝ ում մոտ ինչ հարցով գնա․ թող գան, տեսնենք՝ որտեղ ասֆալտ փռենք. Սանոսյան
Ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ում մոտ, ինչ հարցով գնա: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմությունը շրջափակում է պետական շինությունները եւ պահանջում նախարարներից կարծիք հայտնել, թե համաձա՞յն են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Թող գան, քարտեզները փռենք, քննարկենք, թե որտեղ ենք ասֆալտ անում, որտեղ ենք ջրագիծ փոխում, ջրամբարներն ուր հասան: Թող գան աշխատենք, թե չէ, ժողովո՛ւրդ, կլինի, որ, օրինակ, մենք իրար հետ գնանք ինչ-որ Վարդուշի տանը հարցազրույց անենք, չի լինի, չէ՞: Ամեն նախարարություն պետք է գնալ այն հարցերով, որն առնչվում է այդ նախարարությանը, մեր նախարարություն գալիս են Արցախի հարցով, որ ի՞նչ անեն»,-ասաց նա:
Լրագրողը հիշեցրեց, որ Գնել Սանոսյանը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և պարտավոր է պատասխանել իր քաղաքական թիմի կողմնորոշման վերաբերյալ հարցին. «Ես հիշում եմ, որ քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, լավ հիշում եմ, թե որ թիմի անդամ եմ և Արցախի հարցերում իմ անձնական տեսակետն էլ ունեմ՝ որպես մարդ և նախարար, բայց հարցեր կան, որոնց պատասխան տվողը ես չեմ: Դուք ինչո՞ւ եք ուզում շրջակա միջավայրի կամ ՏԿԵ նախարարը Արցախից խոսի: Դրա համար կան համապատասխան գերատեսչություններ և, ի պատիվ մեր գործընկերների, շատ ակտիվ աշխատում են»: