Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը
Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և նշեց, որ ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանը աշխատավայրում չէ և առանձին ծնողներին կասի, թե որն է պատճառը։ «Լրատվամիջոցների ներկայությամբ շատ մանրամասներ չեմ ցանկանում ասել»,- ասաց նա։
Ռաֆայել Վարդանյանը ծնողներին վստահեցրեց, որ առաջիկայում հանդիպում կլինի, իսկ թե որ օրը, դրա մասին նախապես կտեղեկացնեն ծնողներին։
Նա նաև ասաց՝ իրենք տեղյակ չէին, որ ծնողներն այսօր ցանկանում էին հանդիպել ՔԿ նախագահի հետ․ «Դրա մասին իմացել ենք այն ժամանակ, երբ դուք եկաք այստեղ»։
Ծնողներից մեկի այն դիտարկմանը, թե միգուցե Արգիշտի Քյարամյանը նախապես իմացել է դրա համար չի եկել, Ռաֆայել Վարդանյանը նշեց, թե Քյարամյանը երբեք չի մերժել որևէ հանդիպում, պարբերաբար բոլոր ծնողներին ընդունել է։
Ծնողների հարցին, թե լինելու՞ է Փաշինյանի հարցաքննություն, թե՝ ոչ, ՔԿ պաշտոնյան պատասխանեց․ «Այո՛, հարցաքննվելու է, դատախազի կողմից կա ցուցում»,-հայտարարեց ՔԿ պաշտոնյան։
Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց՝ պահանջելով հանդիպում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ: Նրանք ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Քյարամյանին, քանի որ գործը տեղից չի շարժվում, իսկ Քյարամյանը, ըստ նրանց, կատարում է իշխանությունների հրահանգները: Նրանց ներկայացրած հնգօրյա վերջնաժամկետը լրանում է այսօր: Տուժողի իրավահաջորդի կագավիճակ ստացած՝ զոհվածների ծնողները, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդություն էին ներկայացրել զինվորական դատախազություն, ինչը մերժվել է, իսկ Փաշինյանը առաջիկայում կհրավիրվի հարցաքննության: