Եթե վարչապետն արդար ա, վախենալու բան չունի, թող գա, ասի՝ ծնողներ ջան, ես չեմ մեղավոր, էսինչ մարդ է մեղավոր. Զոհվածի մայր
Մեր պահանջն այն է, որ այսօրվա վարչապետին կանչեն հարցաքննության, բայց բոլոր ատյանները էս կողմ, էն կողմ են տանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը:
«Ինչի, մեր պագոնները չի ընկնում, իր պգոններն ընկնո՞ւմ է, բա ինքը ժողովրդավար էր: Եթե ինքը արդար է, եթե վախենալու բան չունի, ինչի՞ է յոթ սարի հետեւում նստել: Թող գա, ասի՝ ծնողներ ջան, ես չեմ մեղավոր, էսինչ մարդ է մեղավոր»,-ասաց նա:
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանն էլ նշեց, որ ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը իրենք շատ են պնդել, որ վարչապետի հարցաքննության ժամկետ նշվի, բայց չեն նշել. «Մենք էլ անորոշ դուրս եկանք: Արդեն մոտ 2 շաբաթ անցել է: Մենք հստակ ժամկետ էինք ուզում, թե ինչքան ժամանակ է պետք, որ գործերին հստակ ծանոթանաք, դրա պատասխանն էլ չստացանք:
Նիկոլ Փաշինյանը պետք է հարցաքննվի եւ ճիշտ կլինի, որ կալանավորվի, որպեսզի գործին չխոչընդոտի»:
Անդրադառնալով իր ամուսնու՝ Գարիկ Գալեյանի դեմ հարուցված քրգործին, Աստղ Գալեյանն ասաց, որ դեռ նորություն չկա, իսկ հիվանդանոցից արդեն տուն են բերել, հանգիստ ռեժիմ է հարկավոր»:
Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց՝ պահանջելով հանդիպում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ: Նրանք ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Քյարամյանին, քանի որ գործը տեղից չի շարժվում, իսկ Քյարամյանը, ըստ նրանց, կատարում է իշխանությունների հրահանգները: Նրանց ներկայացրած հնգօրյա վերջնաժամկետը լրանում է այսօր: Տուժողի իրավահաջորդի կագավիճակ ստացած՝ զոհվածների ծնողները, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդություն էին ներկայացրել զինվորական դատախազություն, ինչը մերժվել է, իսկ Փաշինյանը առաջիկայում կհրավիրվի հարցաքննության: