Շինարարների փողոցում լինգով փորձել են բացել վճարային տերմինալը
ՀասարակությունՄայրաքաղաքի Շինարարների փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես են երկու տղամարդ մայիսի լույս 27-ի գիշերը փորձում գողություն անել։
Թիրախը վճարային տերմինալն էր, որը լինգով փորձում էր բացել նրանցից մեկը։ Այդ ընթացքում հանցագործությունների նախականխման նպատակով հերթական գիշերային շրջայցն էին իրականացնում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, որոնց աչքից չէր վրիպել կատարվածը։
Նրանք կանգնեցրել են մեքենան ու սկսել հետապնդումը։ Արդյունքում՝ Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդը, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա, այսպես ասած, գործընկերը հասցրեց փախչել:
Պարզվեց, որ նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տերմինալի դուռը, սակայն գործն ավարտին չէին հասցրել:
Գողության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 32-ամյա տղամարդը կալանավորվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են, գիշերային շրջայցերն էլ` շարունակվում: