Արբանյակի գոյությունը հաստատող բազմաթիվ փաստեր կան․ Արմեն Գրիգորյան
«Արբանյակի գոյությունը հաստատող բազմաթիվ լուսանկարներ և տեսանկարահանող սարքերի կողմից արձանագրված փաստեր կան, բայց, ես կարծում եմ, որ անլուրջ քննարկում է, որ այն չկա»․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այն միանշանակ կա և պատկանում է ՀՀ-ին, մենք, երբ այս որոշումը կայացնում էինք, հաշվի էինք առնում մի շարք հանգամանքներ և փորձում էինք այս ոլորտում այնպիսի քայլեր կատարել, որոնք որոշակի չափով նաև հեղափոխական կլինեն, որտեղ Հայաստանի կարողությունները կավելացնենք այս ուղղությամբ։ Նաև արդյունաբերության զարգացման տեսանկյունից պետությունը որոշ չափով քայլեր է կատարում, որ բիզնեսին ևս շահագրգռի երկարաժամկետ տեսանկյունից»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ թիմը, որը պետք է զբաղվի տվյալների ստացման և մշակման գործով, Satlantis-ի կողմից ուսուցում է անցնելու և կարողություններ է ձեռք բերելու։
«Ընդհանուր առմամբ, մենք ոչ միայն սպուտնիկ ենք ձեռք բերել այս քայլով, այլ կարողություններ և ենթակառուցվածքներ, ինչը մեծ խթան կլինի և՛ գիտության զարգացման, և՛ բիզնես հետաքրքրության տեսանկյունից»,- ասել է Գրիգորյանը։
Թույլ կարողությունների մասին պնդումներին հակադարձելով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է․ «Ընդհանուր առմամբ, սրանք կեղծ փաստեր են, իրականության մեջ այս սպուտնիկը ունի միջինից ավելի կարողություններ, նույնիսկ կարողություններ, որ բացառապես այս սպուտնիկը ունի։ Կարող եմ մի կարևոր փաստ նշել․ այս որոշումների կայացման ընթացքում ներգրավել ենք մեծ ճանաչում ունեցող հայազգի մասնագետների, որոնք մեզ օգնել են այս գործընթացը առաջ տանելու գործում, և մասնագետների կողմից այն գնահատվել է այս պահին մեր հնարավոր կարողությունների մասով համապատասխան սպուտնիկ։ Սպուտնիկի կարողությունները միջինից բարձր են, և այն մեզ օգնելու է բազմաթիվ խնդիրներ լուծել՝ գյուղատնտեսական և այլ ոլորտներում, նաև ունի յուրահատուկ կարողություններ, որոնք շատ քիչ այլ սպուտնիկներ ունեն»։
Հարցին, թե արդյոք արբանյակն օգտագործվելու է սահմանազատման գործընթացում, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Այո, նաև ժամանակի ընթացքում կատարած լուսանկարներում փոփոխություններն է կարողանում արձանագրել։ Որոշ ժամանակ է պետք, որ սպուտնիկը ամբողջովին մտնի իր կարողությունների մեջ։ Դեռ չենք ստանում անհրաժեշտ տվյալները, որոնք ակնկալում ենք, բայց դա կլինի ժամանակի ընթացքում»։