Իսպանիայում կապիկի ծաղիկով արդեն վարակվել է 132 մարդ
Իսպանիայի իշխանությունները հաստատել են թագավորությունում կապիկի ծաղիկի առնվազն 132 դեպք։ Այս մասին այսօր հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում։
«Կառլոս III Առողջապահության ինստիտուտը հաստատել է օրթոպոքսվիրուսի 132 դրական դեպք, հետևաբար դրանք ճանաչվել են կապիկի ծաղիկի հաստատված դեպքեր», – նշել է գործակալությունը։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 120 դեպքի մասին։
Público թերթի տվյալներով, Պորտուգալիայում գրանցվել է վարակի 100 դեպք, ինչը չորսով ավելի է, քան նախորդ օրը հայտարարված ցուցանիշը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արևադարձային խոնավ անտառների մոտ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վիրուսը մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից, ինչպիսիք են կրծողները և պրիմատները, իսկ երկրորդային տարածումը մարդուց մարդ փոխանցման միջոցով սահմանափակ է: Սովորաբար կապիկի ծաղիկից մահացության մակարդակը կազմում է 1% և 10%: Վարակի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ջրծաղիկի դեմ նախնական պատվաստումը նաև ապահովում է հիվանդության բարձր արդյունավետ կանխարգելում: