Հնարավո՞ր է ներդնել արդյոք ատելությունը մարդու մեջ
Ատելությունն ընդհանրություններ ունի այլ բացասական հույզերի հետ, ինչպիսիք են զայրույթը, արհամարհանքը եւ զզվանքը,- Medical News Today-ին ասել է բժիշկ Ռեբեկա Սաքսը: Ըստ մասնագետի՝ ատելությունը դրանցից տարբերվում է նրանով, որ կենտրոնանում է օբյեկտի բնածին բնույթի, դրդապատճառների ու բնութագրերի վրա։
2008 թվականին Ամստերդամի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը ուսումնասիրել է, թե ուղեղի որ հատվածներն են ակտիվանում, երբ մասնակիցները նայում են «ատելի» սուբյեկտների լուսանկարները: ՄՌՏ սարքի ներսում գտնվելով՝ մասնակիցները դիտել են այն մարդկանց լուսանկարները, որոնց, իրենց խոստովանությամբ, ատել են, եւ այն մարդկանց լուսանկարները, ում հանդեպ չեզոք զգացմունքներ են տածել։
Երբ մասնակիցները նայել են ատելի դեմքին, ակտիվացել են ուղեղի մի քանի հատվածներ՝ միջին ճակատային գալարը, աջ պուտամենը, նախաշարժական կեղեւը, ճակատային բեւեռը եւ մեդիալ ինսուլան: Որքան ատելությունն ավելի ուժեղ է արտահայտված եղել, այնքան ավելի շատ են ակտիվացել այդ հատվածները։
Ուղեղի նշված հատվածների հնարավոր ակտիվացման հանգամանքն օգտագործվում է հատկապես պատերազմների ժամանակ։
Հակառակորդի ապահումանիզացիան սովորական մարտավարություն է ռազմական գործողություններում։ Ապահումանիզացիան մարդկանց իջեցնում է կենդանիների կամ ավտոմատների կարգավիճակի, եւ այդ պատճառով է, որ նրանք չեն ենթարկվում սովորական բարոյական կանոններին:
Սա զինվորներին համոզելու լավ հայտնի մեթոդ է, որ երկիր ներխուժելիս անխտիր բոլորին սպանեն: Թշնամուն բնութագրելով որպես ոչ այնքան մարդ, որն արժանի է ատելության եւ արհամարհանքի՝ առաջնորդները կարող են փորձել արդարացնել իրենց գործողությունները:
Ատելության վրա հիմնված բռնությունը կարող է հանգեցնել սերնդեսերունդ փոխանցվող կայուն տրավմայի, ցույց են տվել հետազոտությունները: