Իրանն անօդաչուների համար ստորգետնյա բազա է կառուցել
Իրանցի զինվորականները Զագրոս լեռնաշղթայի տակ ստորգետնյա բազա են կառուցել, որտեղ անօդաչու թռչող սարքեր եւ թեւավոր հրթիռներ են տեղակայված, հայտնում է Janes-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստաալիքի սյուժեն:
Պարբերականի տվյալներով՝ օբյեկտը կոչվում է «Ռազմավարական բազա 313» եւ գտնվում է Իրանի կանոնավոր բանակի կազմում։ Բազան գտնվում է մի քանի հարյուր մետր խորության վրա։ Դրանում տեղակայված է մոտ 100 անօդաչու թռչող սարք, ինչպես նաեւ թեւավոր հրթիռներ։
Շաբաթ օրը բազան ստուգել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին, ով ասել է, որ իրանցի զինվորականներն արագորեն զարգացնում են իրենց անօդաչու ուժերը՝ նոր մեքենաներ ստեղծելով, որոնք կարող են տարբեր առաքելություններ կատարել։
Բազայից հրապարակված հեռուստատեսային կադրերում հրթիռներով զինված անօդաչու թռչող սարքերի տարբեր մոդելներ են։
Զինվորականները նաեւ երկու նոր տեսակի թեւավոր հրթիռ են ցուցադրել` Heidar-1-ը եւ Heidar-2-ը, որոնք կարող են արձակվել անօդաչու թռչող սարքերից եւ ուղղաթիռներից: