Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կներկայացնի դաշինքի նոր հայեցակարգի իր տեսլականը
Հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թուրքիան կներկայացնի իր մոտեցումները դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը ԱԶԿ գործադիր կոմիտեի նիստից հետո, որն անցկացրել է դրա առաջնորդ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Մադրիդում կրկին կքննարկվի ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգը: Թուրքիան կմանրամասնի իր մոտեցումներն այդ հարցում»,- լրագրողներին ասել է Չելիքը:
Նրա խոսքով` Թուրքիան աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի բաց դռների քաղաքականությանը, սակայն ելնում է նրանից, որ այն առաջին հերթին անվտանգության բլոկ է, ուստի դաշինքին միանալ նախատեսող երկրները պետք է համապատասխանեն կազմակերպությանն անդամակցելու չափանիշներին։ Այս կապակցությամբ Չելիքը կրկնել է Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումն առ այն, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քանի դեռ սկանդինավյան երկու երկրները չեն վերանայել իրենց վերաբերմունքն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։ Թուրքական իշխող կուսակցության ներկայացուցիչը նաեւ ասել է, որ Անկարան «ահաբեկչությանը սատարող» երկրների դեմ վետո կիրառելու օրինական իրավունք ունի:
Անկարայում ահաբեկչական կազմակերպությունների թվում են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, այսպես կոչված Սիրիայի ազգային ինքնապաշտպանության ուժերը եւ «ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպությունը», որին իշխանությունները մեղադրում են 2016-ին Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու մեջ: