«Մեզ համար էս դուռը բացել, մտնելը մի րոպեի հարց է, բայց չենք ուզում նիկոլավարի». պատգամավորները մտան ԵՊՀ շենք (Տեսանյութ)
«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով հասան Երեւանի պետական համալսարանի շենքի մոտ, որի մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Իրականում մեզ համար այս դուռը բացել, մտնելը մի րոպեի հարց է, բայց այս պետական համալսարան է, ուզում ենք նորմալ ճանապարհով դռները բացեն, պատգամավորները մտնեն, այդ հարցադրումը անեն; Նիկոլավարի բաներ չենք ուզում անել, թե չէ մի րոպե հետո այս դուռը կարանք բացենք: Դրա համար սպասում ենք»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ ԵՊՀ ռեկտորը փոխանակ իջնի ներքեւ, խոսի, թաքնվում է: Ինչի՞ց է վախենում, իրավունք ունի՞ նա ռեկտոր կոչվի: Նա պարտավոր է պատասխան տալ, թե որն է իր դիրքորոշումը Արցախի հարցում, ոչ թե թաքնվի»:
Ոստիկանները փոխանցեցին, որ համաձայնություն կա, որ պատգամավորները ներս մտնեն:
Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք այստեղ ենք հասկանալու համար, թե պետհամալսարանը եւ գիտխորհուրդը ինչ դիրքորոշում ունի մեր հայտարարության վերաբերյալ: Մենք պահանջում ենք, որ ԵՊՀ գիտխորհուրդը հրավիրի նիստ եւ հայտնի դիրքորոշում, իսկ ռեկտորին մեր պտգամավորները կհանդիպեն ու կհասկանան՝ ինքը որտեղ է դաստիարակություն ստացել, ինչ դիրքորոշում ունի»:
Նշենք, որ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները ենթ են անցկացնում Երեւանի փողոցներում: ԱԳՆ-ի մոտ ընդդիմադիր պատգամավորները ցանկացան հանդիպել նախարարների հետ, սակայն վերջիններս կամ տեղում չէին, կամ խուսափեցին նման հանդիպումից: Ընդդիմադիր պպատգամավորները, մասնավորապես, ցանկանում են հասկանալ, թե այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան, հասարակական գործիչը ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցում: Արդյոք համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, թե ոչ: