«Մենք այստեղ այլեւս անելիք չունենք. Առաջարկում եմ երթով շարժվել այլ ուղղությամբ». երթը ԱԳՆ-ից շարժվեց (Տեսանյութ)
Արձանագրում ենք, որ այս շենքում գտնվող նախարարությունների ղեկավարները որեւէ բացատրություն չունեն այն փաստաթղթի հետ կապված, որը մենք ներկայացրել ենք ժողովրդի կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԳՆ շենքի դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Երկրորդը, վախենում, խուսափում ու փախնում են պատգամավորների հետ հանդիպումից: Երրորդը, իրենք իրենց աշխատանքային օրն սկսում եւ ավարտում են ոստիկանական վահանների հետեւում: մեկ անգամ եւս արձանագրում ենք, որ կառավարության անդամները պարզապես փախած են:
Սա արձանագրելուց հետո մենք այստեղ այլեւս անելիք չունենք: Առաջարկում եմ շարժվել այլ ուղղությամբ»,-ասաց նա:
Մինչ այդ ընդդիմադիր պատգամավորները ցանկություն էին հայտնել հանդիպել շենքում գտնվող նախարարների հետ, սակայն ԲՏԱ եւ արդարադատության նախարարների վերաբերյալ ասվել էր, որ տեղում չեն, իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ փոխանցել էր, որ զբաղված է:
Այս պահին ԱԳՆ շենքը շրջափակված է սաղավարտներով ու վահաններով զինված մեծաթիվ ոստիկաններով:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները այսօր՝ մայիսի 31-ին, երթով Ֆրանսիայի հրապարակից հասան ԱԳՆ շենքի մոտ, որտեղ նաեւ այլ նախարարություններ են գտնվում: