Ադրբեջանի իշխանություններն օտարերկրյա դիվանագետների համար հերթական «էքսկուրսիան» են կազմակերպել դեպի Քարվաճառ
Ադրբեջանի իշխանությունները հերթական «էքսկուրսիան» են կազմակերպել օտարերկրյա դիվանագետների համար պատմական հայկական Քարվաճառ շրջան, որն Ադրբեջանում «Քելբաջար» է կոչվում:
ԱՊԱ-ի փոխանցմամբ` նրանք տեղեկացվել են Տողանալի-Քելբաջար-Իստիսու-Լաչին մայրուղու վրա թունելի կառուցման մասին: Այցի ընթացքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կծանոթանան «Քելբաջար-1» հիդրոէլեկտրակայանին, կառուցվող Մուրովդաղ թունելին, Քելբաջար քաղաքի մզկիթին, Դրոշի հրապարակին, երկրագիտական թանգարանին, հնագույն քարե քանդակներին, շախմատի դպրոցի շենքին եւ «Իստիսու» առողջարանին:
Քարվաճառ այցելությունն արդեն 9-րդն է։ Ուղեւորությանը մասնակցում է ավելի քան 50 երկրի եւ 10 միջազգային կազմակերպության ավելի քան 80 դիվանագետ եւ ռազմական ներկայացուցիչ։ «Այցի նպատակն է դիվանագետներին ծանոթացնել օկուպացման ժամանակ Հայաստանի զինված ուժերի կողմից Քելբաջար քաղաքում կատարված հանցագործությունների, վայրագությունների հետքերին»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշենք, որ Քարվաճառի ադրբեջանական բնակչությունը շրջանը լքել է 90-ականներին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում։ Հատկանշական է, որ օտարերկրյա դեսպանները չեն բարեհաճել ծանոթանալ ընդամենը 2020թ. Ադրբեջանի կողմից Արցախի եւ Հայաստանի նկատմամբ իրականացված վայրագություններին: