«Մոտենում ենք առաջ, բայց շենքը չենք շրջափակում». «Դիմադրության» շարժման մասնակիցներն ԱԳՆ-ի դիմաց են
«Դիմադրության» շարժման մասնակիցները այսօր՝ մայիսի 31-ին, երթով Ֆրանսիայի հրապարակից հասան գլխավոր դատախազության շենքի մոտ:
Այստեղ երթը կանգ առավ. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը նշեց. «Սա այն կառույցն է, որը հենց տեսնում է, որ օրինակ, մի բերետավոր,. Տարբեր գույնի ոստիկան մի քաղաքացու ձեռք է ջարդում, մեկի ոտքն է ջարդում, մեկի մազերն է քաշում, մեկին խեղդում է, այդ ժամանակ այս կառույցը գործ է հարուցում: Իր պարտականությունը դա է: Հիմա ես հարց եմ ուզում բարձրացնել, գործ հարուցե՞լ է այս կառույցը, թե ոչ:
Որովհետեւ հենց տեսնում է, որ մեր քաղաքացիներից, մեր գաղափարակիցներից մեկը նույնիսկ մի փոքր մոտենում է օրենքի սահմանագծին, էլ հայտարարություն, էլ քրգործ հարուցել եւ պարտադիր կալանավորում է մարդկանց: Հիմա հարց եմ տալիս՝ գործ հարուցե՞լ եք, թե չէ: Թող էդ բերետներին չկալանավորեն, բայց գործը ուզեն-չուզեն, պետք է հարուցեն: Մենք դատախազությունց ակնկալում ենք, որ հայտարարություն տրածեն երեկվա դեպքերի վերաբերյալ քանի գործ են հարուցել, քանի ոստիկանի են մեղադրանք առաջադրել»,-հայտարարեց նա՝ հավելելով. «Սա ժողովրդավարություն չէ, կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք»:
Դրանից հետո երթը մի քիչ առաջ շարժվեց՝ հասնելով ԱԳՆ շենքին, ոի մուտքին մեծ թվով ոստիկաններ են կանգնած՝ վահաններով ու սաղավարտներով:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ոստիկանների հետ կոնֆլիկտի չբռնվել. «Մենք այստեղ ենք մի նպատակով, որ մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան իրենց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների վերաբերյալ: Մոտենում ենք առաջ, բայց շենքը չենք շրջափակում»:
Ընդդիմադիր շուրջ երեք տասնյակ պատգամավորները ցանկություն հայտնեցին հանդիպելու երեք նախարարների հետ: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ հիմա կտեղեկացնեն նախարարներին: