«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիան՝ Երեւանում. երթ մեկնարկեց (Տեսանյութ)
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան իրենց հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ երթ սկսել:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին ժամը 11–ին լինել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի գնան պետական հիմնարկներ։ Իսկ երեկոյան՝ 19։00–ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։