Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը մեկնաբանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, որը նա նվաճեց Երևանում ավարտվող առաջնությունում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը մեկնաբանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, որը նա նվաճեց Երևանում ավարտվող առաջնությունում։ Տեղի է ունեցել նաև պարգեւատրման արարողությունը։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր երկրպագեցին եւ աջակցեցին ինձ: Առանց այս աջակցության, հնարավոր է՝ հաղթանակ չլիներ: Շնորհակալ եմ լրագրողներին, որ այսքան ակտիվ լուսաբանում են եւ հասանելին են դարձնում մեր նվաճումները բոլորին:
Շնորհակալ եմ ինքս ինձ, քանի որ հսկայական աշխատանք եմ կատարել, դա միայն ես գիտեմ: Հիմա հույզերս շատ են:
Այս հաջողությունը գալիս է աշխատասիրությունից, մեր առջեւ դրված նպատակասլացությունից: Ինձ այստեղ օգնեց ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ռինգում ձեռք բերած փորձը: Լավ հանդես եկա, աջ ձեռքս ցավում էր եւ ձախը օգնեց ինձ»,- ասաց Հովհաննես Բաչկովը:
Սա Հովհաննես Բաչկովի երրորդ չեմպիոնությունն է: Առաջին անգամ գյումրեցի բռնցքամարտիկը չեմպիոն էր դարձել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնությունում:
Երկրորդ ոսկե մեդալը նվաճել էր 2019 թվականին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում, որն այդ տարի փոխարինում էր Եվրոպայի առաջնությանը: