ԵՄ մշտական ներկայացուցիչները հունիսի 1-ին կզբաղվեն պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մշակմամբ. Շառլ Միշել
Եվրամիության մշտական ներկայացուցիչները հունիսի 1-ին կզբաղվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ համաձայնագրերի իրավաբանական ձեւակերպմամբ, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Բրյուսելի գագաթաժողովի առաջին օրվա արդյունքներով ԵՄ առաջնորդները քաղաքական համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության դեմ նավթի մասնակի էմբարգոյի ներդրման վերաբերյալ, որը կազդի ծովով նավթի մատակարարումների վրա։ Խողովակով եկող նավթը պատժամիջոցների նոր փաթեթում չի ներառվի։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ մինչեւ 2022 թ. վերջ ԵՄ-ն կհրաժարվի ռուսական նավթի ներկրման գրեթե 90 տոկոսից:
«Չորեքշաբթի մշտական ներկայացուցիչներին հանձնարարվել էր իրավաբանական լուծում մշակել այն քաղաքական սկզբունքների իրականացման համար, որոնց շուրջ այսօր համաձայնություն ձեռք բերվեց»,- ասել է Միշելը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսին: Նա նաեւ պարզաբանել է, որ նավթամուղով եկող նավթը կկարողանա գնել ոչ միայն Հունգարիան, այլեւ դեպի ծով ելք չունեցող ԵՄ մյուս երկրները:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը դեռ պետք է ԵՄ Խորհրդի կողմից նախարարների մակարդակով պաշտոնական համակարգման եւ հաստատման ընթացակարգ անցնի։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական մատյանում հրապարակվելուց հետո, որի ամսաթիվը դեռ չի նշվում։
ԵՄ երկրները պատժամիջոցների արդեն հինգ փաթեթ են ներդրել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ ԵՄ-ի վեցերորդ փաթեթի ընդունումը հետաձգվում էր մի շարք երկրների, մասնավորապես` Հունգարիայի կողմից նավթի գնումներից լիակատար հրաժարմանն աջակցել հրաժարվելու պատճառով։