Ամերիկուհին սեփական այգում փրկել է երեխային արջից
ԱՄՆ-ում մայրը երեխային փրկել է արջից, գրում է LADBible-ը։ Կենդանին դուրս է եկել անտառից եւ մտել ընտանիքի հողամաս, որտեղ խաղալիս է եղել ամերիկուհու դուստրը։
Սիեթլից Սամանտա Մարտինը տանն է եղել, քանի դեռ նրա դուստր Ջունիպերը խաղում էր բակում: Ինչ-որ պահի կինը բարձր ձայներ է լսել ու դուրս եկել՝ ստուգելու, թե ինչ է կատարվում։ Պարզվել է, որ արջը որոշել է մտնել մարդկանց տարածք։
Ջունիպերը, տեսնելով արջին, վազել է դեպի կենդանին, որ ավելի մոտիկից տեսնի նրան։ Վերջին պահին Սամանտային հաջողվել է բռնել դստեր ձեռքն ու նրա հետ վազել տուն։
«Ես ուղղակի խուճապի մատնվեցի։ Դա արջի քոթոթ էր, բայց ամենից շատ ինձ անհանգստացնում էր, որ չգիտեի, թե որտեղ է մայր արջը եւ չգիտեի, թե ինչպես նա իրեն կպահի այդ իրավիճակում»,- ասել է Սամանտան:
Միջադեպից հետո Սամանտան հանել է բակում դրված թռչունների կերակրամանը. կինը կարծում է, որ հենց դա է գրավել գիշատչին:
«Ես սիրում եմ թռչուններ, բայց չեմ ուզում, որ արջերն անընդհատ գան իմ տուն»,- խոստովանել է ամերիկուհին։
Բացի այդ, Սամանտան խոսել է դստեր հետ եւ բացատրել նրան, թե որքան վտանգավոր կարող են լինել վայրի կենդանիները։